Ինչպե՞ս է պատրաստվում Փարաքարը փոխել 14 տարվա ավագանու անդամ, համայնքապետի թեկնածու Սամվել Ավետիսյանը
ИнтервьюՓարաքարի համայնքապետի սեպտեմբերի 29-ին կայանալիք ընտրություններին իր թեկնածությունն է առաջադրել նաև 2005 թվականից ավագանու անդամ Սամվել Ավետիսյանը: Չխախտելով բոլոր թեկնածուներին արտահայտվելու հնարավորություն ընձեռելու ավանդույթը Orer.am-ը զրուցել է նաև Ս. Ավետիսյանի հետ:
- Պարոն Ավետիսյան, Դուք դեռ 2005-ից ավագանու անդամ եք և որոշել եք դառնալ համայնքապետ, չէի՞ք կարող ավագանու կարգավիճակով լուծել համայնքի խնդիրները։
- Այո, ես 2005-ից ավագանու անդամ եմ, և միշտ էլ խոսել եմ խնդիրների մասին, սակայն հեղափոխությունից առաջ անհնար էր ինչ-որ գործ անել, այն էլ ավագանու լիազորություններով։ Հիմա գործ անելու ռեալ հնարավորություն եմ տեսնում, դրա համար էլ որոշել եմ առաջադրվել։
- Ասումեն, որ Ձեզ աջակցում են «Իմ քայլ»-ական պատգամավորներ, ճի՞շտ է։
- Ես լավ հարաբերություններ ունեմ ինչպես «Իմքայլ»-ը դաշինքի մի շարք պատգամավորների, այնպես էլ գործադիրի ներկայացուցիչների հետ, բայց դա չի նշանակում, որ ես իրենց թեկնածուն եմ։ Ես համաձայն չեմ որ դա շահարկման թեմա են դարձնում։
- Բայց վերջերս Ձեզ ընդունել էր Աժ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը, և մեզ հասած տեղեկությունների համաձայն նա հավանության է արժանացրել Ձեր նախընտրական ծրագիրը:
- Այո, հանդիպել եմ, բայց այդ հանդիպումը կազմակերպել եմ Թաիրովի և Փարաքարի բնակիչների խնդրանքով, որի ժամանակ քաղաքացիները հնարավորություն ունեցան ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները։
- Խնդրում եմ ներկայացրեք նաև, թե ի՞նչ խնդիրներ կան այսօր Փարաքարում և որո՞նք եք առաջնային համարում: Այլ կերպ ասած՝ եթե ընտրվեք համայնքապետ ի՞նչն եք առաջնային համարելու և որտեղի՞ց եք սկսելու:
- Խնդիրները բազմաթիվ են, և հաճախ տարիների անգործության հետևանք են։ 21-րդ դարում Երևանից ընդամենը 8 կմ հեռավորության վրա գտնվող գյուղի մի մասը խմելու ջուր ունենում է օրը մեջ, էլ չեմ ասում կոյուղագծի բացակայությունը, ներհամայնքային ոռոգման ցանցի խայտառակ վատ վիճակը, քանդված փողոցները և այլն։ Անհասկանալի պատճառներով մեր գյուղի միջով է անցնում ավազի հանքերից մեկի ճանապարհը, որը տարիներ շարունակ բնապահպանական խնդիրներ է առաջացնում, և որի մասին մամուլում բազմիցս անդրադարձ է եղել։ Այս խնդիրները մեկը մյուսից առաջնահերթ են և բոլորն էլ փորձելու ենք լուծել։
- Իսկ ի՞նչ կմաղթեք Ձեր մրցակիցներին և ընտրողներին:
- Թող հաղթի այն թեկնածուն, ում կընտրի քաղաքացին։ Ցանկանում եմ առանց ցնցումների քարոզարշավ և բոլորին հաջողություն: Բոլորն էլ հայ են, բոլորն էլ մերն են։
Արմինե Գրիգորյան