Ստացվում է, որ հեղափոխությունը դեռ չի հասել մարզեր
АналитикаՍեպտեմբերի 29-ին կայացած ՏԻՄ ընտրությունները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ հեղափոխությունը դեռ չի հասել մարզեր և ՀՀԿ-ի տարիներով ձևավորված վախի ու սարսափի մթնոլորտը դեռ կա:
Դրա է վկայում, որ շատ համայնքներում դեռ չեն գիտակցում, թե ինչ է ինքնիշխանությունն ու ինքնակառավարումը, քանի որ երկար տարիներ սովորել են եղել մահակի: Վարժվել են, որ իրենց պետք է համայնքի ղեկավարը հրահանգավորի, որն էլ իր հերթին մի կետից եկող հրահանգները տեղ հասցնողն ու գործերը կարգավորողն է: Համայնքերում վարժվել են, որ համայնքապետը վերևների մարդն է, որի ասածը պետք է գերազանցիկի նման կատարել, որ դրա դիմաց էլ վերևներից տրվող վառելանյութի կամ օգնության ցուցակում հայտնվեն:
Մարդիկ դեռ չեն մարսել նաև այն միտքը, որ ոչ թե համայնքի ղեկավարն է իրենց տերն ու տիրականը, այլ՝ հակառակը: Իսկ ՀՀԿ-ական համայնքապետներին էլ շարունակում է թվալ, որ եթե գյուղի պեչատն ու թուղթը իրենց ձեռքում է, ուրեմն իրենք են ասողները, հրահանգողներն ու ցուցումներ տվողները:
Թե ժողովուրդը ե՞րբ դուրս կգա այս խաբկանքի ու մոլորության միջից, դժվար է ասել, բայց, որ գյուղերում դեռ չեն հասկացել, որ Հայաստանում այսուհետև իրենք են դրության տերը՝ պարզ երևում է ՏԻՄ ընտրությունների արդյունքներից:
Շատերն անգամ այնքան են հարմարվել հին ավանդույթներին, որ շարունակում են մտածել թե փորձած թանն ավելի լավ է, քան նոր մերած մածունը: Սա էլ խոսում է սեփական անձի հանդեպ ուեցած ցածր ինքնագանահատականի մասին, որից օգտվելով էլ նախկին ՀՀԿ-ականները փորձում են դիվիդենտներ շահել:
Ի դեպ, ավելի ազնիվ են բոլոր այն ՀՀԿ-ականները, որոնք իշխանափոխության ժամանակ ռեբրենդինգի չենթարկվեցին ու շարունակեցին հավատարիմ մնալ սեփական դարձած ՀՀԿ-ին: Դրանով նրանք մասնավորապես ցույց տվեցին, որ շարունակում են շնորհակալ լինել այն մարդկանց, ովքեր ժամանակին իրենց տեղական վասալներ են կարգել:
Ցավալին, սակայն, այն է, որ տեղական ինքնակառավարման ընտրությունների ժամանակ պայքարը շարունակվում է անցյալի ու ներկայի միջև, իսկ խորհրդարանական ընտրություններից առաջ սնկի նման աճած կուսակցություններից ՏԻՄ ընտրությունների ժամանակ որևէ հույսի շող այդպես էլ չերևաց:
Սա ևս խոսում է քաղաքական դաշտի ամայի լինելու մասին, քանի որ եթե նորաստեղծ կուսակցություններն իրոք ասելիք ունենային, ապա կարող էին նաև իրենց ուժերը փորձել ՏԻՄ ընտրությունների ժամանակ: Բայց, արի ու տես, որ նրանք էլ են մտել ընդհատակ ու լուռ հետևում են ՔՊ-ՀՀԿ-ական պայքարին, առանց գիտակցելու, որ իրենց լռությամբ, ակամայից, ջուր են լցնում անցյալի ջրաղացին: Մինչդեռ ցանկացած առիթ պետք է օգտագործեին սեփական ասելիքը մարզեր հասցնելու համար:
Եվ այս պայմաններում, երբ բոլորը խոսում են միայն անցյալի ու ներկայի մասին, հաշվի չառնելով, որ պայծառ ապագա ունենալու համար երկրին նոր ուժեր ու թարմ արյուն է պետք, ոչ թե առնետավազքին հարմարված մարդ-կուսակցություններ ու տասնապետներից սնվող կառույցներ ու անհատներ, քաղաքականության մասին խոսելը դառնում է պարապ զբաղմունք, որով, կրկին սովորույթի ուժով պայմանավորված փորձում են զբաղվել ընտրությունների կանխատեսումներով զբաղվող երբեմնի գիտակներն ու պայծառատեսները:
Արմինե Գրիգորյան