Հայկ Մարությանի վճռականությունը տվեց իր պտուղները
АналитикаՀավանաբար շատերը մտածում էին, որ աղբահանության թնջուկը այդպես էլ չի լուծվելու՝ վերհիշելով նախորդ ամառների «ձմերուկ ուտելու հետևանքով» երևանի փողոցներում տարածված գարշահոտությունը: Այսօր, սակայն, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարեց, որ ղեկավարվելով ՏԻՄ օրենքով, ժամկետից շուտ, ամբողջությամբ և միակողմանի լուծում է«Սանիթեք» ընկերության հետ կնքված պայմանգրերը:
Նման որոշում կայացնելու հիմքերը, բնականաբար, բազմաթիվ էին: Եվ քաղաքապետը լուրջ հիմնավորումներ ներկայացրեց, այդ թվում՝ աղբի սիստեմատիկ չհավաքման, օգոստոսի 29-ից արդեն ծառայությունների ի սպառ դադարեցման և այլ փաստեր: Եվ, բնական է, դրանք Երևանի քաղաքապետին պետք է ստիպեին օր առաջ վերջ տալ սանիթեքյան արատավոր պրակտիկային:
Այս որոշմամբ, հուսանք, վերջակետ է դրվում աղբահանության ճգնաժամին՝ այսուհետ ի դերև անելով աղբին ու գարշահոտությանը քաղաքական ենթատեքստ հաղորդող և ընդդիմադիր կեցվածք ընդունած գործիչների ջանքերը: Չնայած, ամենայն հավանականությամբ, նրանք էլ էին ենթադրում, որ հարցն այլ կերպ չէր էլ կարող լուծվել, բայց, օգտվելով իրավիճակից փորձում էին իրենց ներկայությունը, որպես ընդդիմադրի՝ ինչ-որ տեղ արդարացնել:
Ինչևէ, այսօրվա դրությամբ կարող ենք արձանագրել, որ վաղուց հասունացած հարցն այլևս հանգուցալուծված է, չնայած որ թեման դեռ որոշ ժամանակ կշարունակի շահարկման առարկա մնալ: Իսկ քաղաքապետի վճռական աշխատանքի արդյունքի շնորհիվ հարցին տրվեց տրամաբանական լուծում, ինչը ոչ միայն ողջունելի քայլ է, այլև՝ անհրաժեշտ:
Ինչ վերաբերում է բազմաթիվ ակցիաներին ու ֆլեշմոբներին, որոնք այս ընթացքում կազմակերպվում էին, անշուշտ, կրկին սոսկ աղբի տեղափոխումը վատ կազմակերպելուն չէր վերաբերում: Այն ավելի խորը արմատներ ունի, որով փորձ էր արվում ձեռքի հետ նաև ստվեր նետել գործող քաղաքապետ Հայկ Մարությանի գործունեության վրա: Պայմանագրի լուծարումով, փաստացի, վերջ է դրվում նաև բոլոր այսօրինակ ջանքերին ևս, քանի որ դե ֆակտո աղբահանության ճնգաժամը վերացվեց ոչ թե բողոքի ակցիաների, այլ քաղաքապետի ջանքերի ու նոր ձևավորված պետական կառույցի շնորհիվ, ինչը պակաս կարևոր քայլ չէ: Այսինքն, քաղաքպետը մեկ անգամ ևս ապացուցեց, որ իր քայլերն ու հաշվարկները ճիշտ են:
Սա ևս խոսում է Հայկ Մարությանի կազմակերպչական բարձր հմտությունների, հեռուն տեսնելու և քայլերը ճիշտ հաշվարկելու ունակության մասին, ինչին, ակեղծ ասած, երկար էր սպասել երևանցին:
Եթե ավելի հակիրճ՝ այս պահին կարող ենք արձանագրել, որ «Սանիթեքի» թնջուկի հարցը լուծված է, իսկ Երևանը՝ ֆինանսական ասպատակությունից ձերբազատված: Այսքանից հետո մնում է ասել՝ բրավո Հայկ Մարության. շարունակի՛ր առաջ շարժվել, առանց հետ նայելու, քանի որ այնտեղ տեսնելու առանձնապես ոչինչ չկա:
Արմինե Գրիգորյան