«Գնաճը բնական երևույթ է, բայց սարսափելին այն է, որ մեր եկամուտները չեն աճում». «Փաստ»
Интервью«Փաստ» օրաթերթը գրում է
Բենզինի գինը նվազել է 30-40 դրամով, հեղուկ գազինը՝ 20 դրամով:
Երկու ապրանքների գնանկման կոնտեքստում հետաքրքիր է դիտարկել մյուս՝ կենսական անհրաժեշտության ապրանքների գները՝ արդյոք ունենք գնա՞ճ, թե՞ գնանկում:
Նշենք նաև, որ 2020 թվականին շուրջ 800 անուն ապրանքատեսակի մասով սպասվում է գնաճ, երբ սկսեն գործել ԵԱՏՄ մաքսային միասնական դրույքաչափերը:
«Սպառողների միություն» ՀԿ-ի նախագահ Արմեն Պողոսյանը «Փաստի» հետ զրույցում նշում է, որ պաշտոնական տվյալներով գնաճը կազմել է 1,8-2 տոկոս, բայց դա արժանահավատ տեղեկատվություն չէ մի քանի պատճառով:
«Հղում անելով եվրոպական երկրներին՝ գնաճի մեթոդաբանությունը հետևյալն է. 450 ապրանքի և ծառայության գները մեկտեղում են, «լցնում են ընդհանուր կաթսայի մեջ» և մեկ թիվ են դուրս բերում, որը ոչինչ չի ասում:
Այնպիսի ապրանքներ կան, որոնք մարդիկ կյանքում մեկ անգամ են գնում, այսինքն՝ դրա էժանանալն այնքան էլ էական նշանակություն չունի:
Ամեն օր մարդը դաշնամուր գնո՞ւմ է: Իսկ եթե վերցնենք կենսական անհրաժեշտության մի շարք ապրանքներ և ծառայություններ, պարզ կդառնա, որ թանկացումը ոչ թե 1,8 տոկոսով, այլ անհամեմատ շատ ավելի մեծ է»,-ասում է Պողոսյանը:
Նա նշում է, որ այս թվերը քաղաքացուն ոչինչ չեն ասում, քանի որ նա գնաճի և գնանկման մասին պատկերացում կազմում է օրվա, շաբաթվա, ամսվա կտրվածքով իր կատարած գնումներով և վճարած գումարով:
«Ես չեմ սիրում թվերի մեջ խորանալ, որովհետև կարևորը պատկերն է: Թիվն ամեն կերպ կարելի է մեկնաբանել:
Բացի այն, որ գնաճը կամ գնանկումը պետք է դիտարկել կենսական նշանակության ապրանքների գներն ուսումնասիրելով, այն պետք է ուսումնասիրել մեծ ժամանակահատվածների համար:
Եռամսյակային կամ ամսական տվյալները հիմք ընդունելն ինքնախաբեության պես մի բան է:
Այս դեպքում կարող է անգամ գնանկում լինել, բայց երբ պատկերը դիտում ենք մեծ ժամանակահատվածի համար, տեսնում ենք, որ ապրանքների գներն անընդհատ աճում են:
Մի օրինակ բերեմ, որը կարող է վկայել ակնհայտ գնաճի մասին. ծխախոտը, որ տարիներ շարունակ գնում եմ, ժամանակի ընթացքում 90 դրամից դարձավ 300 դրամ:
Մեր օրենքում հստակ գրված է, որ առավելագույն գնաճը չպետք է գերազանցի 4,5 տոկոսը:
Տեսեք՝ ծխախոտի օրինակով կարող ենք փաստել, որ դրա գինն աճել է մոտ 240 տոկոսով»,-ընդգծում է մեր զրուցակիցը:
Նա անդրադառնում է նաև այն հակադարձումներին, որ ապրանքների և ծառայությունների գների աճ տեղի է ունենում ամբողջ աշխարհում: «Գնաճը բնական և դրական երևույթ է, դրանից սարսափել պետք չէ:
Հարցն այստեղ այլ է: Եկամուտները գնաճի նկատմամբ պետք է լինեն առաջանցիկ:
Բոլոր երկրներում էլ կա գնաճ, բայց կա նաև եկամուտների աճ:
Ու եթե եկամուտները առաջ ընկնեն գնաճից, ապա այն բնական երևույթ է և տնտեսության համար կարևոր: Սարսափն ուրիշ տեղում է, որ մեր եկամուտները չեն աճում»,-փաստում է ՀԿ-ի նախագահը:
Մեր այն դիտարկմանը, որ գուցե հենց այս և հունվարից հետո սպասվող գնաճը մեղմելու համար է, որ կառավարությունը լծվել է մի քանի ոլորտների աշխատակիցների աշխատավարձերի բարձրացմանը, Արմեն Պողոսյանը դրական պատասխան է տալիս:
«Աշխատավարձերի բարձրացումը լավ ընթացք է, ուղղակի տեմպը պետք է ավելի մեծ լինի: Բացի դա, աշխատավարձերի բարձրացումը պետք է գնաճից առաջ ընկնի:
Փոքր-փոքր բաները քիչ են ազդում ընդհանուր պատկերի, գնողունակության վիճակի վրա:
Իհարկե, լավ է, որ տարբեր ոլորտների մասնագետների աշխատավարձերը բարձրանում են, բայց նրանք պետության ընդհանուր բնակչության քանի՞ տոկոսն են կազմում:
Իսկ մնացա՞ծը»,-եզրափակում է «Սպառողների միություն» ՀԿ-ի նախագահը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում