«Սանիթեքի» խմորը դեռ շատ ջուր «կքաշի»
ЭкономикаՏպավորությունն այնպիսին է, որ իրեն միջազգային հռչակած «Սանիթեք» ընկերությունը ոչ միայն քաղաքն էր թողել աղբի մեջ, այլև իր ապագան: Երևանի քաղաքապետարանի՝ ընկերության հետ պայմանագիրը միակողմանի խզելուց հետո, հիմա էլ, պարզվում է, նոր պարտապաններ են ի հայտ եկել: Պարզվում է նաև, որ 64 մատակարար ընկերություն կա, որոնք թեև ժամանակին կատարել են իրենց պարտականությունները, բայց, չգիտես ինչու, մինլիոնավոր դրամների վնաս են կրել:
Վաղն էլ կարող է այլ՝ ավելի խոշոր խումբ ձևավորվի ու հայտարարի, որ իրենք էլ են տուժել նույն այդ ընկերության վատ աշխատանքի պատճառով: Այսինքն՝ ստացվում է, որ «Սանիթեքն», ի սկզբանե, ոչ թե եկել էր մայրաքաղաքի աղբը մաքրելու, այլ բոլորին աղբի մեջ թողնելու և այդկերպ երկար տարիներ իր համար կայուն եկամուտ ապահովելու և հարստանալու համար:
Բարեբախտաբար, Երևանի քաղաքապետի հստակ քայլերի շնորհիվ այս ընթացքին վերջակետ դրվեց, բայց ստացվում է, որ սանիթեքյան թեման դեռ երկար ժամանակ կմնա քննարկումների տիրույթում:
Չի բացառվում նաև, որ այդ 64 ընկերություններն արյունատար անոթներով կապված են «Սանիթեքի» հետ և այդ պատճառով են դարան մտած, երկար ժամանակ, լուռ սպասել: Իսկ երբ համոզվեցին, որ սանիթեքյան խաղերն այլևս ավարտված են, որոշեցին իրենց վնասների մասին, համենայն դեպս, հայտարարել:
Հասկանալի չէ, թե ընդհանրապես տարբեր մասնավոր ընկերությունների պայմանագրաիրավական հարաբերությունների մեջ ինչու պետք է պետությունը խառնվի: Եթե մեկն անբարեխիղճ է, ապա մյուսը ոչ թե պետք է փեշերը բարձարցնի, ու շտապի կառավարություն, այլ դարարանի միջոցով կարգի հրավիրի: Առավել ևս, որ միլիոնավոր դրամների հասնող «Սանիթեքի» պարտքը մեկ օրում, մեկ ամսում կամ մեկ տարում չէր կարող գոյանալ:
Սրանք հարցեր են, որոնց պատասխանները դեռ պետք է հնչեն, բայց որ սանիթեքյան խմորը դեռ շատ ջուր կվերցնի՝ միանշանակ է:
Արմինե Գրիգորյան