Խոսքից գործ. Աֆրիկայի երկրների հետ ստորագրված հուշագրերը գործնականում կյանքի կկոչվեն
Международные новостиԳարնանը աֆրիկյան երկրների հետ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի ստորագրած հուշագրերը գործնականում կյանքի կկոչվեն: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (EIF) բիզնեսի զարգացման գծով տնօրեն Ամալյա Եղոյանը:
Նա տեղեկացրել է, որ արդեն հաջորդ շաբաթ մեկնելու է Եթովպիա, որտեղ մանրամասնորեն քննարկվելու են ինժեներական լաբորատորիաների իրագործմանն ուղղված քայլերը: « EIF-ը պատրաստվում է Եթովպիայում ներդնել տեխնոլոգիական կենտրոններ ստեղծելու իր փորձը, ինչպես Գյումրիում եւ Վանաձորում»,-հայտնել է Եղոյանը: Բացի հաջողված փորձի արտահանումից, այդ երկիր նաեւ պլանավորվում է արտահանել հայ մասնագետների ծրագրերը, որոնք նախագծվել եւ արտադրվել են ինժեներական քաղաքում: «Այսօր ինժեներական քաղաքում գործում է ավելի քան 20 ընկերություն: Ըստ էության՝ այդտեղ արտադրանքն անցնում է բոլոր փուլերով՝ սկսած գաղափարից մինչեւ արտադրություն: Մենք ունենք առանձին արտադրական մաս, աշխատում են բազմաթիվ մասնագետներ, իսկ քաղաքում առկա ռեսուրսները՝ մարդկային եւ արտադրական, ընդհանուր են ընկերությունների բոլոր աշխատակիցների համար»,-հայտնել է նա:
Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա գարնանը «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի եւ Ադիս Աբեբայի համակարգչային գիտությունների համալսարանի միջեւ ստորագրվել է Հուշագիր: Փաստաթուղթը նախատեսում է համատեղ կրթական, հետազոտական եւ ակադեմիական ծրագրերի անցկացում, ՏՏ ոլորտում խաչաձեւ համագործակցություն, համատեղ նախագծերի իրագործում, այդ թվում՝ ANEL լաբորատորիայի մոդելի ներդրում Ադիս Աբեբայի համալսարանում: Ստորագրվել է նաեւ Հուշագիր բարձր տեխնոլոգիաների, ինժեներիայի եւ կրթության ոլորտում համագործակցության մասին Smart Africa (Ռուանդա) կենտրոնի հետ եւ Հուշագիր Աֆրիկայում ՄԱԿ-ի տնտեսական հանձնաժողովի հետ, որով նախատեսվում է ներդնել Եթովպիայում ազգային ինժեներական լաբորատորիաների ստեղծման Հայաստանի հաջողված փորձը: