Միգուցե նախագահակա՞ն
АналитикаԽորհրդային Միության փլուզման գործընթացն ուղեկցվեց նրա կազմի մեջ մտնող հանրապետությունների անկախության «շքերթով», որից անմասն չմնաց նաև Հայաստանը: ՀՀ-ում մեկնարկեց ժողովրդավարական բարեփոխումների, նոր քաղաքական իրողություններին համապատասխան սոցիալական, քաղաքական ու տնտեսական ինստիտուտների ձևավորման գործընթացը:
ՀՀ քաղաքական համակարգի ձևավորման գործընթացի առաջին փուլն ընթացավ քաղաքական և իրավական համապատասխան ինստիտուտների ներդրմամբ: Այդ երևույթը մասնագետները անվանում են նաև քաղաքական ինստիտուցիոնալացում, որը լայն իմաստով հասարակության մեջ ֆորմալ և ոչ ֆորմալ կանոնների, սկզբունքների, նորմերի կայուն համակարգի ձևավորման գործընթաց է, որը կարգավորում է հասարակության քաղաքական կենսագործունեության ոլորտը: Ինստիտուտները, նախ և առաջ, նորմերն են, նրանց ուղեկցող սանկցիաները և այն կազմակերպական ձևերը, որում կամ որոնց միջոցով նրանք արտահայտվում են: Քաղաքական ինստիտուցիոնալացման առաջին փուլում մեր հանրապետությունում ներդրվեցին բազմակուսակցականության (1990 թ.), նախագահի (1991 թ.), Ազգային ժողովի (1995 թ.), սահմանադրականության և այլ ինստիտուտներ:
Հայաստանյան քաղաքական դիսկուրսում ապագա սահմանադրական կարգի շուրջ ձևավորվել էին երկու հիմնական ճամբարներ, մի կողմից՝ ուժեղ նախագահական ինստիտուտի, իսկ մյուս կողմից՝ իշխանության ճյուղերի փոխհարաբերություններում խորհրդարանի գերակայության կողմնակիցների միջև: Ընդ որում, երկու կողմերն էլ մատնանշում էին կառավարման այս կամ այն մոդելի առավելությունները: Մասնավորապես, խորհրդարանական կառավարման մոդելի կողմնակիցներն առաջին հերթին նշում էին պառլամենտարիզմի առավել ժողովրդավարականության, կուսակցությունների կայացման և ինստիտուցիոնալացման գործընթացում համամասնական ընտրակարգի ուղղակի և դրական ազդեցության, իշխանության ապակենտրոնացման հանգամանքները: Մինչդեռ նախագահական կառավարման ինստիտուտի ջատագովները պնդում էին, որ ոչ արհեստավարժ խորհրդարանի և թույլ զարգացած կուսակցությունների պարագայում քաղաքական համակարգի՝ քաոսում հայտնվելու հավանականությունն էապես մեծանում է, որն իր հերթին ենթադրում է որոշումների ընդունման միասնական կենտրոնի ստեղծում և իշխանության լայն լիազորություններ նախագահին:
Ընդհանուր առմամբ՝ այդ ժամանակահատվածում նախագահի ներկայացրած Սահմանադրության նախագծի կողմնակիցների և ընդդիմադիր թևի միջև ծավալված քննարկումները վերաբերում էին երկու կարևոր հարցերի՝ Հայաստանի կառավարման համակարգի ընտրությանը (նախագահակա՞ն, թե՞ պառլամենտական) և նրա ընդունման կարգին: Նախագահը առաջարկում էր սահմանադրությունն ընդունել հանրաքվեով, ընդդիմությունը՝ սահմանադիր ժողովում: 1994 թ. դեկտեմբերին նախագահի հրամանագրով կասեցվեց ընդդիմադիր խոշոր քաղաքական ուժերից մեկի՝ ՀՅԴ-ի գործունեությունը, որից հետո նախագահը պնդեց սահմանադրությունը հանրաքվեով ընդունելու տեսակետը:
2015-ի Սահմանադրական փոփոխությունների արդյունքում տեղի ունեցավ հանրաքվե, ինչի արդյունքում փոխվեց ՀՀ պետական կարգը․ Հայաստանում հաստատված խորհրդարանական կառավարման համակարգը փաստում է, թե ինչքան ռիսկային ու լուրջ քաղաքական հետևանքների կարող է բերել խորհրադարանական կառավարման համակարգում թույլ և «անատամ» խորհրդարան ունենալու պարագայում։ Այսօրվա ԱԺ-ն փաստացի հանդիսանում է կառավարության կցորդը և, ինչպես ժամանակին սիրում էր ասել ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, «հանդիսանում է դակիչ»։ Ճիշտ է նախկինում նույնպես եղել են իրավիճակներ, երբ պառլամենտը ոչ հաճախ է ըննդիմացել կառավարությանը, սակայն որոշակի քաղաքական և պետական հասունության հաշվին պատգամավորները կարողացել են պահել հավասարակշռությունը։ Այնպես, որ գործող իշխանությունները հարմար տղեավորվել են կառավարման այս համակարգում և փորձում են պետական ինստիտուտները խառայեցնել սեփական քաղաքական ամբիցիային։
Անդրանիկ Հարությունյան