Երկդիմի քաղաքականություն․ Փաշինյանի «ֆեյք» խոստումները
АналитикаՀայկական «քաղաքական դրաման» օրըստօրե նոր զարգացումներ է ապրում՝ աստիճանաբար գերազանցելով սեփական ռեկորդները։ Ընդունված է, որպես կանոն քաղաքական իշխանությանը և ողջ համակարգին գնահատականներ տալ, ըստ իրենց ծավալած գործունեության ու ունեցած ձեռքբերումների։ Այնպես չէ, որ հակված ենք այն տեսությանը, թե ՀՀ անկախացման 30 տարիների ընթացքում ամեն ինչ եղել է փայլուն և ոչ մի ձախողում ու սխալ չի արձանագրվել, բնավ ոչ, սակայն այն ինչ կատարվում է վերջին մեկուկես տարվա ընթացքում ՀՀ իրականության մեջ՝ դուրս է բոլոր ձևաչափերից, կամ ուղղակի հակաքաղաքագիտական է։
Ընդհանրապես ոչ կոռեկտ ձևակերպում է, երբ գալով իշխանության, հնարավոր բոլոր տարբերակներով վատաբանվել ու պարսավանքի են ենթարկվել գրեթե բոլոր նախկին իշխանությունները, դա կարծես թե մի տեսակ «քաղաքական կլեյմո» է դարձել․ «եթե նախկին է վատն էս ու ձախողված»։ Նույնը տեղի ունեցավ 2018-ի իշխանափոխությունից հետո։
2018-ին գալով իշխանության Նիկոլ Փաշինյանն իր «գվարդիայով» լծվեց վայելելու Կարեն Կարապետյանի և նախորդ մյուս բոլոր կառավարությունների նախաձեռնած ծրագրերն ու սկսած նախագծերը։ Տրամաբանական է, կառավարություններն իրենց մինջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերը նախատեսելիս, որևէ նախաձեռնության համար նախատեսում էին մի քանի տարվա կտրվածքով ժամանակահատվածներ՝ լինի դա ճանապարհաշինության, ջրամբարաշինության կամ ասենք ֆորումի կազմակերպման գաղափար։ Այս դեպքում նախկին «քերաօլիգարխիկ ու կոռումպացված» ռեժիմի նախագծերը սկսեցին իրենց ձեռքբերումը համարել մերօրյա «թավշյա հեղափոխականները»։
Եթե այսօր գործող իշխանությունները խոսում են ԵԱՏՄ գագաթնաժողովի փայլուն արդյունքների մասին և նշում, թե «ՀՀ-ն ստանձնել է կապող օղակ միության և գործընկեր պետությունների միջև», ապա չի կարելի անտեսել և տարբեր միջնորդավորված անձանց միջոցով մեսիջներ հղել, թե «ԵԱՏՄ-ում Հայասատանին ականջները քաշելով են տարել և ստիպել են, որ այդ որոշումը կայացվի»։ Որքան էլ տարօրինակ թվա, հավանաբար բոլորս ենք հիշում ոչ վաղ անցյալում, դեռևս ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ինչպես էր քննադատում ԵԱՏՄ-ն՝ այն համարելով «Հայաստանի անկախությունը կործանող միություն»։ Նույն այդ կառույցի հիմնադիր պետություններից մեկին՝ ՌԴ-ին, Փաշինյանը տևական ժամանակ մեղադրում էր Ապրիլյան պատերազմը սանձազերծելու մեջ, ինչը հետագայում, չգիտես՝ ինչու, շրջանցվեց կամ ուղղակի մոռացության մատնվեց։
Նշենք մի կարևոր իրադարձություն ևս, որն այս օրեին ՀՀ իրականության ուշադրության կենտրոնում է՝ խոսքը տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային 23-րդ համաժողովի մասին է, որն այս օրերին անցկացվում է Երևանում, և որին, ընտանյոք հանդերձ, մեծ խանդավառությամբ մասնակցում է Փաշինյանը։
Փաստենք մի կարևոր հանգամանք․երբ որոշվում էր Հայաստանում անցկացնել տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով, «թավշյա հեղափոխության» մասին անգամ դժվար էր երազել։ Ու չնայած այդ օրերում Հայաստանում գործում էր «քրեաօլիգարխիկ» իշխանություն, այն ժամանակ էլ կային մարդիկ, ովքեր մտածում էին Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաները զարգացնելու մասին։ Փաստն այն է, որ համաժողովը Հայաստանում անցկացնելու նախաձեռնությունը ներկայացվել է նախկին իշխանությունների ժամանակ։ Դեռևս 2014թ. Ինֆորմացիոն տեխոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից հայտ ներկայացվեց Երևանում ՏՏ համաշխարհային համաժողով անցկացնելու առաջարկությամբ: WCIT 2019-ը Հայաստանի մայրաքաղաքում անցկացնելու վերաբերյալ որոշումն ընդունվել է 2014-ի սեպտեմբերին` Մեքսիկայում, ՏՏ և ծառայությունների համաշխարհային ալյանսի տնօրենների խորհրդի նիստում: Որոշման նախագիծը ստորագրվեց 2015-ին Երևանում Կարեն Վարդանյանի և այն ժամանակվա էմոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի կողմից։
Համաձայնեք, որ հետաքրքիր է իմանալ, իսկ ի՞նչ սեփական պրոդուկտ է տվել այս քաղաքական թիմը կամ որտե՞ղ է նրա կրեատիվությունը, ի՞նչ ծրագիր է սկսել զրոյից և հասցրել որոշակի կետի: Արդյո՞ք այդ ծրագրերը խոստացված, բայց այդպես էլ չբացված գործարաններն են:
Անդրանիկ Հարությունյան