Փաշինյանի աշխաբադյան «չափալախը» Ադրբեջանի գլխավոր մանիպուլյատորին. «Փաստ»
Аналитика«Փաստ» օրաթերթը գրում է
Ինչպես հայտնի է, Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում հոկտեմբերի 11-ին սկսվել է ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների խորհրդի նիստը՝ նեղ կազմով, որին մասնակցում է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նշենք, որ այս ձևաչափով պետությունների ղեկավարները արծարծում են ԱՊՀ շրջանակում համագործակցության զարգացման հրատապ հարցերը, ներկայացնում ապագա խնդիրների իրենց տեսլականը:
Խորհրդի նիստի ժամանակ մի ուշագրավ միջադեպ արձանագրվեց, որը դարձավ առաջնային ուշադրության թիրախ։
Իրեն հատկացված ելույթի ժամանակահատվածում Իլհամ Ալիևը խոսեց ֆաշիզմի դեմ մասսայական պայքարի մասին և սկսեց իրեն ու իր երկրին բնորոշ զառանցանքներ շաղ տալ, մասնավորաբար՝ «զարմանալի է, թե ինչու է Հայաստանում աջակցվում ֆաշիզմը, և Գարեգին Նժդեհի արձանը տեղադրվել է հենց Երևանի սրտում»։
Նա կոշտ արտահայտություններ հնչեցրեց Գարեգին Նժդեհի հասցեին՝ նրան համարելով «ֆաշիզմին ծառայող գեներալ, ով պայքարել է ԽՍՀՄ դեմ»։
Ալիևի ելույթին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը բառացիորեն ստորացրեց նրան՝ փաստարկված ու հանգամանալից ներկայացնելով Գարեգին Նժդեհի իրական գործունեությունը և մանրամասներ հրապարակելով Նժդեհի պետականաշինության ներդրման գործում։
«Իլհամ Ալիևի խոսքից այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ընդհանրապես այդ պատերազմում Հիտլերը երկրորդական դերակատարություն է ունեցել, և նացիստական շարժման լիդերը եղել է Գարեգին Նժդեհը։
Իսկ իրականությունն այն է, որ Գարեգին Նժդեհը պայքարում էր Հայաստանի՝ թուրքական օկուպացման դեմ, պայքարում էր հայերի ցեղասպանության դեմ, որը կազմակերպել էին թուրքերը։
Կարծում եմ, որ ճիշտ չէ օգտագործել այս ֆորմատը՝ պատմությունը խեղելու համար, մտցնել ինչ-որ լարվածություն այս կարևոր նիստի մթնոլորտում»,- ասել է Փաշինյանը:
Նրա խոսքով, իրականությունն այն է, որ Գարեգին Նժդեհը, ի դեպ, ռուսական շատ սպաների հետ, 1918 թվականին ղեկավարում էր ռազմաճակատի շատ կարևոր հատվածը հայ-թուրքական պատերազմի ժամանակ։ Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ շատ կարևոր է, որպեսզի իմանանք պատմության օբյեկտիվ գնահատականը։
Այստեղ տեղին է փաստել մի կարևոր հանգամանք, որն այդպես էլ չի գիտակցում Ադրբեջանի ղեկավարը։
Ակնհայտ է, որ ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունից Ալիևը փորձում է իր դիվիդենտները շահել՝ ՀՀ գործող իշխանությունների մոտ վատաբանելով և ցեխ շպրտելով ՀՀ նախկին իշխանությունների հասցեին՝ միաժամանակ այդ ժեստով փորձելով սադրել ՀՀ քաղաքական հակառակորդներին և ստանալ իրեն ցանկալի ձևակերպումներ։
Սակայն Ալիևը մոռանում է մի բան, որ անկախ այն հանգամանքից, թե ով է ՀՀ-ում տվյալ պահին իշխանության ղեկին, կան առանցքային խնդիրներ (Արցախ, ՀՀ անվտանգություն, ազգային արժեքներ), որոնց պարագայում առաջնային պլան են գալիս հենց այդ խնդիրները, այլ ոչ թե նեղ կուսակցական կամ ներքաղաքական հակադրությունները։
Ըստ էության, Փաշինյանի խոսքը ինչ-որ տեղ անգամ մեղմ էր, քանի որ նման էժան մանիպուլ յատորին պետք է հասցվեր շատ ավելի ուժգին «քաղաքական ապտակ», որպեսզի իր հետագա բոլոր ձևակերպումների ժամանակ հասկանա, թե ինչ է լինում, երբ վիրավորում է հայ ազգին ու նրա ազգային սրբություն հանդիսացող հերոսներին։
Այդուամենայնիվ, պետք է ընդունենք, որ Աշխաբադում Փաշինյանն իրեն դրսևորեց պետություն ու ժողովուրդ ներկայացնող իրական ղեկավարի նման՝ հակառակորդին ցույց տալով իր իրական տեղը։
Միշտ է այդպես պետք: Թշնամին այլ լեզու չի հասկանում:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում