Ես չեմ աշխատել տաքսու վարորդ կամ առաքիչ. Արագածոտնի մարզպետ
TVՄամուլի հրապարակումները, թե ես նախկինում աշխատել եմ տաքսու վարորդ կամ առաքիչ, իրականությանը չեն համապատասխանում: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 12-ին, «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովի իր ելույթում հայտարարեց Արագածոտնի մարզպետ Դավիթ Գեւորգյանը։
«Իմ երազանքի Հայաստանում ամենահպարտը քայլում է սովորող, աշխատող փնտրող, պրպտող, օրվա աշխատանքով բարիք ստեղծող մարդը, իմ երազած Հայաստանում մարդուն հարգում են իր ստեղծած արժեքով, ոչ թե մեքենայի շքեղությամբ: Իմ երազանքի Հայաստանում ամոթ չէ ինչ-որ աշխատանք կատարելը, ամոթ է չաշխատելը: Մամուլում հրապարակումներ եղան իմ աշխատած տեղերի մասին՝ տաքսու վարորդ, առաքիչ, որոնցով ես չեմ զբաղվել: Դա մտածողության խնդիր է, ինձ չեն վնասել դրանով, կվնասեին, որ ասեին՝ պարապ թրեւ եմ եկել, ինչ-որ մեկի աշխատանքից ինչ-որ բան եմ փախցրել»:
Ապա մարզպետը հիշեց այն օրը, երբ Աշտարակում գինու բակ էին բացում ՄԱԿ-ի զարգացման ծրագրով. «Տանը, որտեղ գտնվում էինք, շատ մեծ կարասներ կային դրված, եւ ուսումնասիրությունները ցույց էին տվ ել, որ տան կառուցումից հետո ոչ մի դռնով եւ պատուհանով դրանք ներս չէին կարող մտնել, ուրեմն՝ կարասները ներսում են եղել, երբ կառուցվել է տունը, այդ կարասների վրա է տունը կառուցվել: Ես երազում եմ, որ Հայաստնում աշխարհի ամեն մի հայ լինի այնքան մեծ ու այնքան հզոր, որքան այդ կարասներն այդ տանը, որ մեր դարպասները, սահմանները ամեն հայի ներս թողնեն, եւ նրանք կարասների պես չկարողանան ու չուզենան դուրս գալ, քանի որ, պարոն վարչապետ, մենք բոլորս համաձայն ենք՝ Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է»:
Դավիթ Գեւորգյանն նշեց, որ միայն աշխատելով է հնարավոր լավ ապրել մեր երկրում.
«Բազմաթիվ առիթներ եմ ունեցել ասելու, հիմա էլ ուզում եմ կրկնել՝ իմ խորին համոզմամբ հայրենիքը չեն սիրում կենացներով, երգերով, սիրում են գործով, այստեղ ներկա բոլոր մարդիկ, այստեղից դուրս 100 հազարավոր մարդիկ իրենց ամենօրյա սերն առ հայերնիք արտահայտում են իրենց աշխատանքով: Ես վստահ եմ, որ հայրենսիրության լավագույն դրսեւորումը հայրենիքումդ լավ պետություն կառուցելն է: Ես այս խոսքերն ասել եմ Թաթուլ Կրպեյանի գերեզմանին ծնկի իջած, ես այս խոսքերն ասել եմ մանուկներին գրկած: Մեր երազանքն իրականություն է դառնալու, դրան այլընտրանք չկա պարզապես: Ես ցանկանում եմ ապրել մեր հերոսների սխրանքին եւ մանուկների ժպիտներին արժանի երկում, շատ երկար ժամանակ համախմբվել ենք աղետների եւ վատ առիթների դեպքում: Անցած տարի գարնանը մի պայծառ իրադարձության շուրջ ենք հավաքվել, մենք՝ ՀՀ քաղաքացիներս, ոսկե տառերով պատմություն ենք գրում, մենք խենթ մարդիկ ենք, խենթի նման ենք պայքարում, նվիրվում, սիրում»։