Կաշառակեր պաշտոնյան եւ ՀԴՄ չտրամադրող խանութը նույնն են. վարչապետ
ЭкономикаԳյուղատնտեսության կառուցվածքը չի սպասարկում մեր ազգային եւ պետական ձգտումները, որովհետեւ գյուղատնտեսություն ասելով շարունակում ենք իներցիայով հասկանալ եւ ընկալել, որ մարդ պետք է չարչարվի, տոկոսի տակ ընկնի եւ ոչ մի արդյունք չստանա դրա դիմաց: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 12-ին, «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովին՝ մարզի գործարարների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ մեր խնդիրն է արդյունաբերական գյուղատնտեսության զարգացումը, եւ դա առանց հողային ռեֆորմի հնարավոր չէ։
Նա Էկոնոմիկայի փոխնախարար Արտակ Քամալյանին հանձնարարեց, որ հողային ռեֆորմի պրոցեսի համար աշխատանքային խումբ ձեւավորի եւ ղեկավարի. «Պայմանավորվենք, որ միայն գյուղատնտեսության շահերը չէ, որ հաշվի է առնելու, այլեւ պետք է բալանսը պահել»։
Խաղողի մթերման գործընթացում գործարանի եւ գյուղացու հարաբերությունների մասին խոսելիս Փաշինյանը բերեց բիզնեսի «խաղի 4 կանոններ».
«Խաղի կանոնները չորսն են` մի՛ գողացիր, դա վերաբերում է բոլորին եւ՛ պետական եւ՛ ոչ պետական պաշտոնյային: Եթե խանութի աշխատողը ՀԴՄ չի խփում` ինքը գող է, դա նույն է, որ պետական պաշտոնյան գողանա: Կաշառակեր պաշտոնյան եւ ՀԴՄ չտրամադրող խանութը նույնն են: Հաջորդը` եղի՛ր արդյունավետ, յուրաքանչյուրը պետք է մի միավոր ծախսելու դիմաց աշխատի ավելի շատ արդյունք ստանալ, երրորդը` եղի՛ր նորարար, չորրորդը` եղի՛ր համագործակցող եւ թիմային: Վերջինը վերաբերում է գյուղացու եւ գործարարի հարաբերություններին: Եթե նրանք չարձանագրեն, որ իրենք գործընկերներ են, բան չի փոխվի: Խնդիրների լուծման ճանապարհը երկխոսությունն է»։