Շուշիում վերաբացվել է Գոհար տիկնոջ Վերին մզկիթը
Культура«Ավրորա» ֆորումի շրջանակներում «Արևելյան պատմական ժառանգության վերածնունդ» հիմնադրամի նախաձեռնությամբ հոկտեմբերի 14-ին Շուշիում տեղի է ունեցել Գոհար տիկնոջ Վերին մզկիթի վերականգնման աշխատանքների ավարտին նվիրված հանդիսավոր միջոցառում:
Սատարելով Արցախի կառավարության նախաձեռնությունը՝ «Արևելյան պատմական ժառանգության վերածնունդ» հիմնադրամը 2014 թվականին ձեռնարկել է Վերին մզկիթի վերականգնման ծրագիրը, որն իրականացվել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի Արցախի զարգացման ծրագրի շրջանակում:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ Շուշիում վերականգնվել է ևս մեկ հուշարձան, ինչի նպատակը մշակութային բազմազանության ապահովումն է: «Իրանի Իսլամական Հանրապետությունում վերականգնվում են մեր վանքերն ու եկեղեցիները: Իրանական մշակույթի այն հուշարձանները, որոնք գտնվում են Արցախի տարածքում, մասնավորապես, Շուշիում, նույնպես արժանացել են մեր հոգածությանը, քանի որ հայ-իրանական բարեկամությունը խորն արմատներ ունի: Մզկիթը գործելու է որպես հայ-իրանական գիտամշակութային կենտրոն: Այս համալիրը նպաստելու է հայ-իրանական կապերի ամրապնդմանը»,- ասել է Լեռնիկ Հովհաննիսյանը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն իր ելույթում նշել է, որ գիտամշակութային կենտրոնի բացման կարևորությունն այն է, որ այն կարող է դառնալ իսլամական մշակույթի հետազոտման կարևոր կենտրոններից մեկը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն այդ ուղղությամբ իրականացնում է մի նախաձեռնություն, որը միտված է գույքագրելու ՀՀ-ում առկա շիա մշակույթի ցուցանմուշները, որոնք կարելի է պարբերաբար ցուցադրել Շուշիի մզկիթի տարածքում:
«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի Արցախի զարգացման ծրագրերի ղեկավար Սուրեն Ամիրբեկյանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել ԱՀ կառավարությանը, ինչպես նաև այն բարերաներին, որոնց համատեղ ուժերով երկու տարվա ընթացքում ծրագիրը կյանքի է կոչվել: «Մզկիթի վերականգնումը խորհրդանշական է. այն այլ մշակույթին հարգանքի տուրք մատուցելու ձև է: Հուսով եմ, որ սա կդառնա զբոսաշրջային վայր: Տեղեկացնեմ, որ ունենք մեծ թվով զբոսաշրջիկներ, որոնք անհամբերությամբ են սպասում Արցախում տեսնելու իրանական մզկիթը»,- նշել է Սուրեն Ամիրբեկյանը:
Միջոցառմանը ներկա «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի համահիմնադիր, գործարար Ռուբեն Վարդանյանն «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է, որ շատ ուրախ ու շնորհակալ է բոլոր այն մարդկանց, ովքեր ներգրավվել են այս ծրագրի իրականացմանը: «Ծրագրի իրականացման մտահղացումն առաջացել է այն ժամանակ, երբ մենք ընկերներով հերթական անգամ այցելել ենք Շուշի: Շուշին Արցախի կարևոր մշակութային կենտրոնն է, որը պետք է պահպանվի և զարգանա: Այն, ինչ ունենք, պետք է պահպանենք ու հարգենք մեր պատմությունը: Եթե մենք ուզում ենք, որ այլ երկրները պահպանեն մեր մշակույթը, ապա մենք էլ պետք է պահպանենք նրանցը: Մեր հիմնադրամն աշխատում է ամբողջ աշխարհում պահպանել հայկական արժեքներն ու մշակույթը: Ունենք այլ ծրագրեր, որոնք պետք է իրականացնենք ըստ հերթականության և պահանջի»,- ավելացրել է Ռուբեն Վարդանյանը:
Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանն էլ ասել է, որ ինքը բարձր է գնահատում Շուշիում գտնվող իրանական մզկիթի վերականգնումը: «1992 թվականի մայիսի 9-ին ես ասել եմ, որ Շուշիում և Ակնայում որևէ մզկիթի ոչ ոք չպետք է կպնի: Սա մեր պատմության անբաժանելի մասն է և մենք սիրով առերեսվում ենք մեր պատմության հետ, ի տարբերություն հարևան երկու այլ ժողովուրդների, որոնք ջնջում են հետքերն այլ կրոնի կամ այլ մշակույթի: Այս մզկիթը կրոնական մշակութային կոթող է, որը մեր դրացի ԻԻՀ ժողովուրդն է կառուցել: Նրանք մեր վանքերը պահպանում և նորոգում են, և նույնն էլ մենք պետք է իրականացնենք: Մենք հուշարձաններ քանդող ազգ չենք»,- ավելացրել է Արցախի թեմի առաջնորդը:
Այնուհետև միջոցառմանը ներկա ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, հիմնադրամի ներկայացուցիչներ և նվիրատուներ, պետական այլ այրեր շրջել են մզկիթով և մեդրեսեի շենքով, որից հետո դիտել մզկիթի վերաբերյալ լուսանկարչական ցուցահանդես: