10 մլն եվրոյի դրամաշնորհ կհատկացվի գյուղոլորտին. Կառավարությունը հաստատեց
ЭкономикаԿառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 17-ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրասիական գործակալության միջև 10 մլն եվրո գումարի չափով թիվ CAM 1002 06 D ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
Հարցը ներկայացրեց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ նշելով, որ այս համաձայնագրով նախատեսված 10 մլն եվրոյի դրամաշնորհը բաղկացած կլինի երկու մասից. «8,5 մլն եվրոն կհատկացվի Էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող ծրագրերի իրականացմանը, իսկ 1,5 մլն եվրոն՝ տարածքային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարության կողմից իրականացվող ծրագրերի իրականացմանը:
«Այս միջոցներով կիրականացվեն Արարատի եւ Արմավիրի մարզերում ոռոգվող «Գյուղատնտեսական զարգացում» ծրագիրը, որի նպատակը կլինի գյուղոլորտում առավել կայուն եւ արդյունավետ լուծումների ապահովումը, կարողությունների զարգացումը, կոոպերատիվների ստեղծմանն աջակցությունը: Ակնկալվում է, որ այս ծրագրերի արդյունքում 2 հազար հա ոռոգելի տարածքներում առկա ենթակառուցվածքները կարդիականացվեն, հողերի կոնսոլիդացիայի շուրջ 10 ծրագրեր կիրականացվեն»,-ասաց նախարարը:
ՀՀ վարչապետ Նիկոլ փաշինյանը նկատեց, որ նախկինի դառը փորձը ցույց է տվել, որ գյուղատնտեսության համար տարբեր նպատակներով գումար է գալիս, ծախսվում է, իսկ արդյունք չի լինում. «Մենք պարտադիր պետք է ունենանք երաշխավորված արդյունքը: Պետք է երաշխավորենք, որ այս գումարը դառնալու է բարձր որակի ենթակառուցվածք»:
Նշենք, որ այս ծրագիրը բաղկացած է 4,4 մլն եվրո կազմող՝ Տեխնիկական աջակցության բաղադրիչից եւ 5,6 մլն եվրո կազմող՝ Ներդրումային դրամաշնորհի բաղադրիչից: