ԵՄ ապրանքների նկատմամբ ԱՄՆ-ի մաքսատուրքերն այսօրվանից մտնում են ուժի մեջ
Международные новостиԱռևտրային բանակցություններում ԱՄՆ ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերի գրասենյակից հայտնում են, որ հոկտեմբերի 18-ից ուժի մեջ են մտնում ԵՄ-ից ներկրվող մի շարք ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Ցուցակում են հայտնվել, մասնավորապես, բրիտանական, գերմանական, իսպանական և ֆրանսիական թռչող սարքերը, որոնց պարագայում մաքսատուրքերը կկազմեն 10 տոկոս։
ԵՄ երկրների մեծ մասից ներկրվող սննդամթերքի և գյուղատնտեսական արտադրանքի նկատմամբ մաքսատուրքերը կկազմեն 25 տոկոս։ Դրանք կանդրադառնան ֆրանսիական գինու, շոտլանդական վիսկիի և եվրոպական մի շարք երկրներում արտադրված պանիրների վրա։
Ընդհանուր առմամբ, «սև ցուցակում» են հայտնվել ավելի քան 150 տեսակի ապրանքներ։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 14-ին Առևտրի համաշխարհային կազմակերպության Վեճերի կարգավորման մարմինը թույլ էր տվել ԱՄն-ին տարեկան 7․5 մլրդ դոլարի չափով մաքսատուրքեր սահմանել ԵՄ այն երկրների ապրանքների և ծառայությունների նկատմամբ, որոնք խախտել են ԱՀԿ կանոնները՝ Airbus կորպորացիային սուբսիդավորելու ժամանակ։