Նոր Գեղիում խնձորի արձան կբացվի. Հայաստանում առաջին անգամ խնձորի փառատոն է անցկացվում
КультураԿոտայքի մարզի Նոր Գեղի համայնքում Հայաստանում առաջին անգամ այսօր` հոկտեմբերի 20-ին, խնձորի փառատոն կանցկացվի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Նոր Գեղիի համայնքապետ Վարդան Պապյանը:
«Փառատոնի հետ կապված միջոցառումները կմեկնարկեն ժամը 15:00-ից սկսած, նախատեսում ենք Խնձորի արձանի բացում: Այն մետաղյա արձան է, հեղինակը Սարգիս Բաբախանյանն է։ Արձանը եզակի է Հայաստանում»,-ասաց նա:
Համայնքապետը շեշտեց՝ խնձորը հանդիսանում է Նոր Գեղիի «բրենդը», այդ պատճառով էլ որոշել են փառաբանել այն:
Փառատոնին հրավիրել են նաեւ մարզպետարանի ներկայացուցիչներին, Կառավարության անդամներին, հասարակական, քաղաքական, մշակութային գործիչների:
«Փառատոնին խնձորի հետ կապված ամեն ինչ ցուցադրվելու է, նույնիսկ տեխնիկա, որն օգտագործվում է խնձորի այգիների մշակման ժամանակ, խնձորով շոկոլադներ են ցուցադրվելու, խնձորի օղի եւ այլն»,- հավելեց նա:
Նշենք, որ միջոցառումը մեկնարկելու է Նոր Գեղիի Սբ. Հովհաննես եկեղեցում՝ խնձորի և խնձորենու օրհնության կարգով, իսկ բուն միջոցառումը սկսվելու է ժամը 15:00-ին՝ Նոր Գեղիի մշակույթի կենտրոնին հարակից տարածքում: Փառատոնի ընթացքում նախատեսվում է խնձորի տարբեր տեսակների, խնձորից պատրաստված բազմաթիվ ուտեստների, խմիչքների համտես եւ ցուցահանդես-վաճառք, ձեռագործ հուշանվերների ցուցահանդես-վաճառք և իհարկե չորս մետր երկարությամբ խնձորի կարկանդակի պատրաստում և հյուրասիրություն։ Փառատոնն ուղեկցվելու է հայկական ազգային պարով և երգ-երաժշտությամբ: Փառատոնի ընթացքում կներկայացվի Նոր Գեղի համայնքի տնտեսական, մշակութային և զբոսաշրջային ողջ ներուժը։