Վոլգոգրադում հայտնաբերվել է մանկապարտեզի անհետացած աշխատակցուհու մարմինը
Международные новостиՌԴ Քննչական կոմիտեից հայտնել են, որ Վոլգոգրադում գտնվող լքված ամառանոցի նկուղում հայտնաբերել են մանկապարտեզի խեղդամահ արված աշխատակցուհու մարմինը:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, գերատեսչության տվյալներով՝ երկու օր առաջ Վոլգոգրադի ոստիկանություն է դիմել մանկապարտեզի վերակացուհու օգնականի դուստրը՝ հայտնելով, որ իր մայրն անհետացել է: Քննչական կոմիտեի տվյալներով՝ կինը հոկտեմբերի 16-ին աշխատանքի դուրս չի եկել, և նրա գործընկերուհիները փորձել են կապ հաստատել նրա հետ հեռախոսով, սակայն զանգին անծանոթ տղամարդ է պատասխանել՝ փորձելով նմանակել կանացի ձայնը և ասել է, որ հիվանդության պատճառով է բացակայում:
Որոնողական աշխատանքների ժամանակ պարզվել է, որ անհետացած կինը հարաբերությունների մեջ է եղել տղամարդու հետ, որը սննդամթերք էր մատակարարում մանկապարտեզ: Հենց այդ տղամարդու հետ էլ նախօրեին կինը դուրս է եկել մանկապարտեզից:
Տղամարդը ձերբակալվել է և ավելի ուշ խոստովանել իր մեղքն ու ցույց տվել, թե որտեղ է թաքցրել մարմինը: Քննության տվյալներով՝ տղամարդը սպանությունը կատարել է կնոջ նախատինքների պատճառով, որ ինքն է նրան պահում: