«Օպել»-ի վարորդը վրաերթի է ենթարկել մի խումբ անձանց․ նա սպանության փորձի մեղադրանքով կալանավորվել է. ոստիկանություն
ОбществоՀոկտեմբերի 3-ի գիշերը Նոր Խարբերդի 16-րդ փողոցից «Էրեբունի» բժշկական կենտրոն էին տեղափոխվել 35-ամյա մի տղամարդ ու 20-ամյա մի երիտասարդ։ Նրանց վրաերթի ենթարկած վարորդը, «Օպել»-ը թողնելով դեպքի վայրում, հեռացել էր։ Այս մասին հայտնում են Ոստիկանությունից:
Մեքենան տեղափոխվել է ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։ Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզել էին ոչ միայն վարորդի ինքնությունը, այլեւ դեպքի վերաբերյալ նոր հանգամանքներ։
Դեպքի առթիվ տարածքային քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել՝ երկու կամ ավելի անձանց սպանության փորձի ու խուլիգանության հատկանիշներով։ Հետագա միջոցառումներով Շենգավիթի քրեական հետախույզները հայտնաբերել էին «Օպել»-ի վարորդին ու կասկածանքով բերման ենթարկել բաժին։ Նոր Խարբերդի բնակիչ, 30-ամյա տղամարդը ներկայացվել է դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվել։ Հոկտեմբերի 19-ին նա կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Նախաքննությունը շարունակվում է։