Ամերիկյան ուժերը տեսել են Սիրիայում թուրքական ռազմական հանցագործությունների ապացույցները․ Ջեյմս Ջեֆրի
Международные новостиԱմերիկյան ուժերը Սիրիայում քրդերի վրա վերջերս հարձակման ժամանակ տեսել են թուրքական ռազմական հանցագործությունների ապացույցները։ Այս մասին Ներկայացուցիչների պալատում լսումների ժամանակ հայտարարել է Սիրիայի հարցով ԱՄՆ հատուկ դեսպանորդ Ջեյմս Ջեֆրին, հայտնում է Reuters-ը։
«Մենք Թուրքիայի կողմից էթնիկ զտման լայն տարածված ապացույցներ չենք տեսել, սակայն եղել է տեղեկատվություն մի քանի դեպքերի մասին, որը մենք ռազմական հանցագործություն ենք համարում»,- ասել է Ջեֆրին։ Նրա խոսքերով, ԱՄՆ պաշտոնատար անձինք ուսումնասիրում են այդ տեղեկությունները եւ արդեն Թուրքիայի կառավարությունից բացատրություններ են պահանջել։ Նա նաեւ ասել է, թե ամերիկյան պաշտոնյաները հետաքննում են այն տեղեկատվությունը, որ Թուրքիան հարձակման ժամանակ սպիտակ ֆոսֆոր է օգտագործել։
Ջեֆրին նաեւ հաստատել է ԻՊ-ի 100 զինյալների փախուստի մասին պաշտպանության նախարար Մարկ Էսպերի հայտարարությունը՝ նշելով․ «Մենք չգիտենք, թե որտեղ են նրանք»։