Այսօր եւս մեկ պետություն ստորագրեց ԵԱՏՄ ազատ առեւտրի գոտու մասին պայմանագիրը. Նիկոլ Փաշինյան
ЭкономикаՎարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից հետո հանդիպել են ԶԼՄ ներկայացուցիչներին եւ ներկայացրել նիստի ընթացքում քննարկված հարցերն ու բանակցությունների արդյունքները: Այս մասին տեղեկանում ենք վարչապետի լրատվության ծառայությունից։
Վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.
Հանձնաժողովի հարգելի նախագահ,
Թույլ տվեք հակիրճ ամփոփել Եվրասիական միջկառավարական խորհրդի այսօրվա նիստը։
Ցանկանում եմ նշել, որ քննարկումն, ինչպես միշտ, ընթացավ կառուցողական հունով եւ մեզ հաջողվեց համաձայնության գալ նիստի գրեթե բոլոր օրակարգային հարցերի շուրջ։
Մենք քննարկեցինք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի արդյունքնների մասին տեղեկատվությունը՝ ինտեգրացիոն տարածքի կառուցման գործում մեր հիմնական ձեռբերումները, ծագած խնդիրների պատճառները, ինչպես նաեւ ԵԱՏՄ ակտերի կատարման ընթացքը։
Քննարկվեց Եվրասիական տնտեսական միության շրջանակում ոգելից խմիչքների շուկայի կարգավորման նախագծի նախապատրաստման ընթացքը։ Համաձայնագրի ընդունումը կհանգեցնի ԵԱՏՄ շրջանակում ոգելից խմիչքների ընդհանուր շուկայի իրավական հիմքերի ստեղծմանը։
Հաջորդիվ ցանկանում եմ նշել Թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի հետ կատարվող գործարքների առանձնահատկությունների մասին պայմանագիրը, որը հանում է Միության ոսկերչական իրերի ներքին շուկայում առկա սահմանափակումները։ Կարեւոր է նաեւ «Երրորդ երկրների շուկաներում ԵԱՏՄ անդամ պետությունների ոսկերչական զարդերի խթանմանն ուղղված գործողությունների ծրագիրը»։
Սիրելի ընկերներ,
Շատ ուրախ եմ, որ այսօրվա նիստին ներկա էր նաեւ Սերբիայի վարչապետ տիկին Բրնաբիչը։
Գոհունակությամբ կցանկանայի նշել, որ այսօր եւս մեկ պետություն ստորագրեց ԵԱՏՄ ազատ առեւտրի գոտու մասին պայմանագիրը։ Սա եւս մեկ քայլ դարձավ մեր համագործակցության աշխարհագրության ընդլայնմանն ուղղված միջոցառումների համատեքստում։
Այսօրվա նիստը նշանավորվեց նաեւ նրանով, որ ուժի մեջ մտավ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ առեւտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագիրը։
Սերբիայի հետ համաձայնագրի ստորագրումը եւ Չինաստանի հետ համաձայնագրի ուժի մեջ մտնելը վկայում են մեր ինտեգրացիոն միության միջազգային նշանակության եւ գրավչության ավելացման մասին»։