Կինոռեժիսոր Դեւիդ Լինչը պատվավոր «Օսկար» է ստացել
КультураԿինոռեժիսոր Դեւիդ Լինչը հոկտեմբերի 27-ին պատվավոր «Օսկար» է ստացել կինեմատոգրաֆի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար (Academy Honorary Award): Այդ մասին ասված է Կինոարվեստների ամերիկյան ակադեմիայի հայտարարության մեջ, որը զետեղված է Twitter-ում:
Արարողությունն անցկացվել է Լոս Անջելեսի Hollywood and Highland Center ժամանցային համալիրում: Լինչի հետ միասին պատվավոր պարգեւին արժանացել են իտալացի ռեժիսոր Լինա Վերտմյուլլերը եւ ամերիկացի դերասան Ուես Սթյուդին: Ջին Հերշոլթի անվան պարգեւին,որը հանձնվում է հումանիզմի գործում նշանակալի ավանդի համար, ստացել է դերասանուհի Ջինա Դեւիսը:
Այն, որ Կինոարվեստների ամերիկյան ակադեմիան պարգեւները հանձնելու է Լինչին, Վերտմյուլլերին, Սթյուդիին եւ Դեւիսին, հայտնի է դարձել հունիսի սկզբին: Կազմակերպությունը նշել է, որ այդ պարգեւներն ամեն տարի «շնորհվում են այն մարդկանց, որոնք իրենց կյանքը նվիրել են ստեղծագործական ձեռքբերումներին եւ նշանակալի ներդրում են ունեցել ինդուստրիայում»:
Ի տարբերություն Կինոարվեստների ամերիկյան ակադեմիայի մյուս պարգեւների, կինեմատոգրաֆի բնագավառում նշանակալի ավանդի համար պատվավոր մրցանակների դափնեկիրները որոշվում են նրա ոչ բոլոր անդամների, այլ ավելի նեղ շրջանակի՝ կազմակերպության ղեկավարների խորհրդի կողմից: Սկզբնապես այդ պարգեւները հանձնվում էին «Օսկար» մրցանակներով պարգեւատրման հիմնական արարողության ժամանակ: Սակայն հետագայում դրանց համար հատկացվել է հատուկ երեկո, ինչը կոչված է ընդգծելու այդ պարգեւների կարեւորությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: