«Կարևոր է, որ չկրկնվի նախկին սցենարը». մոտ 568 մլն դրամ՝ Սևանա լճի ափամերձ ջրածածկ տարածքները մաքրելու համար․ «Փաստ»
Интервью«Փաստ» օրաթերթը գրում է
Շրջակա միջավայրի նախարարությունը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ներկայացրել է «ՀՀ կառավարության 2010 թվականի հունիսի 24-ի N 876-ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» կառավարության որոշման նախագիծը:
Դրա համաձայն՝ վերջին տարիների ընթացքում Սևանա լճի ջրի մակարդակի բարձրացման հետ կապված ջրի տակ են հայտնվել ափամերձ անտառածածկ տարածքները, որոնք բացասական ազդեցություն են ունենում լճի ջրի որակի և մաքրության վրա:
Նախագծում նշվում է, որ լճում հայտնված ցամաքային ծառաթփային բուսականության փտման արդյունքում առաջացած օրգանական նյութերը նպաստում են լճի էվտրոֆիկացման պրոցեսներին` առաջացնելով տոքսիկ օրգանական նյութեր:
2019-2021 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրով «Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրում» միջոցառման շրջանակներում իրականացման ենթակա աշխատանքների հաշվարկները, քարտեզագրման և նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմումը կատարվել է 2018 թվականին դաշտային հետազոտությունների և չափագրման աշխատանքների մեթոդով, որում ընդգրկված են եղել ծովի մակարդակից մինչև 1903.5 մետր բացարձակ նիշն ընկած մաքրման ենթակա տարածքները, ներառյալ ջրածածկման ենթակա ցամաքային տարածքները:
Այս աշխատանքների իրականացման նպատակով անօդաչու թռչող սարքերի և արբանյակային պատկերների միջոցով քարտեզագրվել են ծովի մակարդակից մինչև 1901.5 մետր նիշն ընկած մաքրման ենթակա ամբողջ տարածքները: Այսպիսով՝ մաքրման ենթակա է 909.5 հա ջրածածկ տարածք (2019 թվականի մաքրվելիք տարածքը ներառյալ), որից 826 հա-ը ճահճապատ և ջրածածկ տարածքներ են։
Պայմանավորված Սևանա լճում տեղի ունեցող կենսաքիմիական պրոցեսներով, ինչի արդյունքում լիճը գրեթե ամեն տարի ամառային սեզոնին «ծաղկում» է, այդ տարածքների մաքրումը համարվում է հրատապ։
Ծրագրի իրականացման համար նախագծում առաջարկվում է պետական բյուջեից գումար հատկացնել:
Եվ այսպես՝ 2020 թվականին 271 հեկտար տարածք մաքրելու համար նախատեսվում է հատկացնել 208 մլն 238 հազար 100 դրամ, 2021-ին 381հա-ն մաքրելու համար՝ 216 մլն 804 հազար 100 դրամ, 2022-ին 235հա-ն մաքրելու համար՝ 142 մլն 292 հազար 500 դրամ:
Այսինքն՝ ընդհանուր առմամբ երեք տարվա մեջ Սևանա լճի անտառածածկ տարածքների մաքրման համար միայն այս ծրագրով կհատկացվի մոտ 567 մլն 334 հազար 700 դրամ:
Սևանա լճի խնդիրների՝ հատակի մաքրման անհրաժեշտության, լճի «ծաղկման», ամեն տարի ոռոգման նպատակով իրականացվող ջրառի մասին բնապահպանները, քաղաքացիները մշտապես բարձրաձայնել են, սակայն խնդիրներին մինչ այժմ էլ համակարգային լուծում չի տրվում:
Որպես պատճառաբանում՝ ավելի հաճախ ներկայացվում են ֆինանսական սուղ միջոցները, բայց գաղտնիք չէ, որ Սևանա լիճը Հայաստանի համար ունի ռազմավարական նշանակություն:
Բնապահպան Սիլվա Ադամյանը նշում է՝ դեռևս 2014-2015 թվականներին կար մշակված ծրագիր, որով նախատեսվում էր լուծել Սևանա լճի առափնյա տարածքների մաքրման խնդիրը:
«Այդ ծրագրով նաև պետք է լուծվեր ջրի տակ մնացած բույսերի, շինությունների հարցը: Գնվեցին բավական թանկարժեք մեխանիզմներ, որոնք նախատեսված էին հենց այդ գործողությունն իրականացնելու համար: Սակայն անցան տարիներ, և ջրի մակարդակի բարձրացման հետ տեսանք, որ ոչ մի աշխատանք չի կատարվել:
Եթե հիմա գնանք այդ առափնյա տարածքները, կտեսնեք, որ շինությունները, բուսականությունը, ամեն ինչ արդեն մի քանի տարի է՝ մնացել է ջրի տակ:
Այս ամենն առաջացնում է լուրջ խնդիրներ՝ ջրի որակի, մակարդակի, էկոլոգիայի հետ կապված, եթե խոսենք միայն բույսերի և ծառերի մասին:
Ուրիշ վտանգ են ներկայացնում շինությունները, որոնց բետոնե պատերը, ամրանները մնացել են ջրի տակ: Այսքան տարի գրեթե ոչ մի բան չի արվել այս խնդրին լուծում տալու համար»,«Փաստի» հետ զրույցում ասում է Ադամյանը:
Անդրադառնալով շրջակա միջավայրի նախարարության ներկայացրած ծրագրին՝ նա ընդգծում է՝ լավ է, որ լճի ափամերձ տարածքների մաքրման աշխատանքները ցանկանում են վերսկսել, սակայն կան բայցեր:
«Իհարկե շատ լավ է, որ նման նախագիծ կա, ցանկանում են Սևանա լճի ափամերձ տարածքների մաքրման գործողությունները վերսկսել, բայց խնդիրն այն է, որ Սևանում արդեն իսկ բարդություններ են սկսվել, և այն մասերում, որտեղ ջրի մակարդակը զգալիորեն բարձրացել է, չեն կարող աշխատանքներ իրականացնել:
Իմ դիտարկումներով, այս նախագիծը վերաբերում է այն տարածքներին, որտեղ ջուրը նոր-նոր է բարձրացել և ջրի տակ են մնացել անտառածածկ տարածքները:
Ի դեպ, այս նախագծում խոսք չկա ջրի տակ մնացած շինությունների մասին:
Դա էլ է շատ լուրջ խնդիր:
Այս նախագծով փաստորեն չի խոսվում լճի այն տարածքների մաքրման մասին, որտեղ մեծ քանակությամբ ծառեր, բուսածածկ տարածքներ, շինություններ կամ դրանց հատվածներ կան:
Ակնհայտ է դառնում, որ այս նախագծով փորձ կարվի խնդիրը լուծել, բայց ոչ ամբողջությամբ, այլ մասնակի: Մնացած տարածքներում, որտեղ տեխնիկան հնարավորություն չի ունենալու աշխատել, ուղղակի անզոր ենք լինելու որևէ բան անել:
Պատկերը, որն արդեն մի քանի տարի տեսնում են Սևանա լճում ամռանը և աշնանը, ստեղծված իրավիճակում նորից կկրկնվի. լիճը դարձյալ կծաղկի:
Այս մասին բազմիցս ահազանգել են գիտնականները՝ նշելով, որ ծաղկման պրոցեսները չեն վերջացել»,ընդգծում է բնապահպանը:
Ադամյանը հիշեցնում է, որ նման իրավիճակ Սևանում ստեղծվեց, երբ ժամանակին ոմանք ասում էին՝ ոչինչ որ ջրի տակ ծառեր մնան, կեղտաջրեր լցվեն Սևան, լճից մեծ քանակությամբ ջուր բաց թողնենք դաշտերը ջրելու համար. արդյունքում այսօր արդեն ունենք այն, ինչ ունենք՝ լուրջ խնդիրներ լճի հետ կապված:
Բնապահպանը նշում է՝ պետք է ուշադիր հետևել, որպեսզի այս ծրագիրը թեկուզ այս ծավալներով իրականություն դառնա:
«Հասարակական սեկտորը, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, լրատվամիջոցները, որոնք խնդիրների վերհանման և վերահսկման գործում հսկայական դեր ունեն, պետք է այս խնդիրն ուշադրության կենտրոնում պահեն, որպեսզի հասկանանք՝ այն հատվածներում, որտեղ նախատեսվում է մաքրել ջրածածկ տարածքները, աշխատանք կատարվո՞ւմ է, թե ոչ:
Նախորդ անգամ բավական թանկարժեք տեխնիկա գնվեց, սակայն աշխատանքը չկատարվեց: Կարևոր է , որ նույնը չկրկնվի նաև այս դեպքում:
Առավել ևս, որ թե՛ նախկինում, թե՛ հիմա այս ծրագիրն իրականացնելու համար բավական մեծ գումարներ են հատկացվելու բյուջեից: Ի դեպ, այն ժամանակ բնակչության կողմից առաջարկ եղավ, որ այդ գումարը տրվի համայնքին, և համայնքը մաքրի այդ տարածքները:
Աղմուկ բարձրացավ, որ նման բան հնարավոր չէ անել:
Բայց դա ճիշտ որոշում կլիներ, քանի որ մարդկանց, որոնք ափերին տարածքներ ունեին կամ էլ մոտիկ էին ապրում, պետք էր շահագրգռել, որ անեին այդ աշխատանքը:
Այն ժամանակ պետբյուջեից հսկայական գումարներ դուրս գրվեցին և օդ ցնդեցին:
Դրա համար հիմա կարևոր է, որ նույն սցենարը չգործի»,-եզրափակում է մեր զրուցակիցը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում