Եկեք իներցիաներից դուրս գանք. Փաշինյանը՝ Հայ եկեղեցու պատմությունը դպրոցական առարկաներից հանելու մասին
КультураՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ նոյեմբերի 4–ին, ֆեյսբուքյան ուղիղ եթեր է մտել՝ վերջին շրջանում ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանի հասցեին հնչող քննադատությունների առնչությամբ իր դիրքորոշումը հայտնելու։
«Զրույց քաղաքացու հետ. հայ ժողովրդի միասնական պատմության մասին» խորագրով ֆեյսբուքյան ուղիղ եթերում Փաշինյանը խոսել է դպրոցական դասագրքերից Հայ եկեղեցու պատմություն առարկան հանելու մասին։
Նրա խոսքով` այս 2 առարկաների տարանջատումը մեզ խանգարում է ընկալել մեր ժողովրդի պատմությունն ամբողջության մեջ։
«Հայ ժողովրդի պատմությունը բաղկացած է հայ եկեղեցու պատմությունից, հայոց պետականության պատմությունից, հայ մշակույթի, գիտության պատմությունից։ Սովետական Միության տարիներին հայ ժողովրդի պատմությունից հնարավորինս հանվել է հայ եկեղեցու պատմությունը։ Հայ ժողովրդի դասավանդվող պատմությունից շատ բաներ իներցիաներով մնացել է, երբ եկեղեցու պատմությունը հնարավորինս կտրված-հանված է եղել։ Հայ առաքելական եկեղեցու գերագույն հոգևոր խորհրդի անդամների հետ քննարկման ժամանակ խնդիր գնաց, որ Սովետական Միությունից եկած իներցիայով հոգևոր գրականությունը կամ եկեղեցու կողմից ստեղծված շատ արժեքավոր գրականությունը չի ներառվել գրականության դասագրքերում։ Մենք պետք է առաջ գնանք, պետք է մեր միասնական պատմությունն ունենանք։ Սա չի նշանակում, որ դպրոցներում պետք է մի հատ հայ գրականություն դասավանդվի մի հատ էլ Հայ առաքելական եկեղեցու պատմության կողմից ստեղված գրականություն, դա ճիշտ չէ»,- ասաց վարչապետ Փաշինյանը։
Նրա խոսքով`Խորհրդային Միության ժամանակներում մեր Առաջին հանրապետության պատմությունն էլ սև գույներով էր ներկված և հանված էր. «Հիմա ի՞նչ, այս երկրում մի հատ էլ առանձին առարկա՞ մտցնենք՝ Առաջին հանրապետության պատմություն։ Մեր ազգային-ազատագրական պայքարը շատ դեպքերում խմբագրված է ներկայացվել, մի հատ էլ ազգային-ազատագրական պայքարի դասավանդո՞ւմ իրականացնենք։ Եկեք իներցիաներից դուրս գանք, ստեղծենք մեկ, միասնական, կուռ, ճշմարիտ պատմություն, որը մեր ժողովրդի ժամանակակից պետականության և ապագայի ողնաշարը կդառնա»։