«Իրականում պարզապես խեղճուկրակ, տրամաբանությունից զուրկ բյուջե է». «Փաստ»
Интервью«Փաստ» օրաթերթը գրում է
Կառավարության մի շարք ծախսեր վերջին շրջանում արժանացան թե՛ մասնագետների, թե՛ քաղաքացիների քննադատությանը: Կառավարական առանձնատների վերանորոգում, ինքնաթիռ գնելու մտադրություն, նախագծեր, որոնց համար հատկացված ֆինանսավորումը իր հետևից բազմաթիվ անպատասխան հարցեր թողեց:
Իհարկե, այս շարքին կարող ենք ավելացնել նաև գործուղումները, որոնց համար նախատեսված բյուջեն մի քանի դեպքերով գերազանցել է նախորդ տարիների բյուջեներին, ինչպես նաև՝ ավելի վաղ՝ նախարարների, փոխնախարարների բարձրացված աշխատավարձերը:
Այս ամենի համատեքստում կա նաև մեկ այլ խնդիր, որն առնչվում է հաշվետվողականության, բաց ու թափանցիկ աշխատաոճի անհրաժեշտության հետ, որովհետև վերոնշյալ աղմուկ հանած դեպքերը, որոնց մասով դեռ անպատասխան հարցեր կան, հայտնի են դարձել ոչ թե կառավարության բաց ու թափանցիկ աշխատանքի, այլ հիմնականում լրատվամիջոցների միջոցով: Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը կարծում է, որ նման ծախսերը չեն կարող արդարացված լինել:
Տնտեսագետը նախ հեռավոր 2002 թվականը հիշեց: «2002 թվականին աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիր էր մշակվում, որի համար ԱՄՆ համապատասխան կազմակերպության կողմից 5 մլն դոլարի չափով ֆինանսավորում էր հատկացվել:
Հենց իրենք էին ընտրել ռազմավարական ծրագրի անունը՝ անուղղակիորեն հասկացնելով՝ «աղքատ եք՝ ձեզ աղքատավարի պահեք»:
Շատ հեռուն գնացի, բայց խնդիրը ո՞րն է: Մենք այսօր էլ ունենք չափազանց սուղ հնարավորություններ, և այս պայմաններում նման մոտեցումն ինքս չեմ կարող արդարացի ու տրամաբանական համարել: Այն ծախսերը, որոնք կատարվում են ու որոնց մասին մենք գիտենք, մեր պայմաններում ընդունելի չեն:
Սուղ հնարավորություններ ունեցող երկիրն իրավունք չունի նման ճոխություններ թույլ տալ: Ինքնաթիռ, մեքենաներ, գործուղումներ…
Այստեղ տեղին է հիշել պատգամավորներից մեկի՝ ժամանակին արած այն արտահայտությունը, թե փոքր ժամանակ սամակատի մասին երազանք ունեցողներն են թանկարժեք մեքենաներով գնում»,-«Փաստի» հետ զրույցում կեսկատակ նշեց տնտեսագետը: Վարդան Բոստանջյանը չի կարծում, որ պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացումը, խոշոր ծախսերն այս պահին նպատակահարմար են:
«Եթե անցած մեկուկես տարվա ընթացքում մեր հասարակությունը տեսել է, թե նրանք ինչպիսի մեծ ջանասիրությամբ են աշխատել, ըստ որի՝ արժանի են նման ծախսերի, աշխատավարձերի բարձրացման, ուրիշ հարց է:
Ինքս այդպիսի բան չեմ տեսել ու այսօր էլ չեմ կարողանում տեսնել:
Մեծ հաշվով, մեր հնարավորությունների պայմաններում բոլորի համար զարմանալի և ծիծաղելի են նման ճոխությունները»,ասաց նա:
Նրա խոսքով, նախկին ընդդիմությունը, որն անընդհատ բարձրաձայնում էր նման ճոխ ծախսերի մասին, այսօր այլ ուղղությամբ է գնում:
«Հիմա տրամագծորեն հակառակն է արվում: Ես այս առումով կարող եմ միայն իմ զայրույթն ու մտահոգությունն արտահայտել:
Ընդհանուր առմամբ, չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ, որ ոչ միայն ես, այլև մեր հասարակության ճնշող մեծամասնությունն անհանգստացած է այս առումով»,-ընդգծեց տնտեսագետը՝ շեշտելով, որ մեկ այլ խնդիր է թափանցիկ աշխատանքի հարցը:
«Սխալ մոտեցում է հաշվետվողականության ու թափանցիկության բացակայությունը:
Ընդհանրապես, պետական կառավարման համակարգի աշխատանքը պետք է հայելի հիշեցնի, այսինքն, թափանցիկ ու հաշվետու լինի:
Եթե անգամ ամենաչնչին հարցի առումով փոքր-ինչ գաղտնի մոտեցում է նկատվում, ըստ էության, դա վկայում է այն մասին, որ ցավալի բան է կատարվում»,-հավելեց Վ. Բոստանջյանը:
Զուգահեռ անցկացնելով վերոնշյալ ծախսերի, 2020 թվականին նախատեսվող տնտեսական աճի վերաբերյալ կանխատեսումների և 2020 թ. «պահպանողական բյուջեի» միջև, Վ. Բոստանջյանը շեշտեց, որ «պահպանողական» որակումը դասվում է այն լիրիկական անունների շարքին, որոնք մինչ այս տրվել են տարբեր տարիների բյուջեներին:
«Իրականում պարզապես խեղճուկրակ, տրամաբանությունից զուրկ բյուջե է: Միայն այն հանգամանքը, որ չափազանց փոքր շրջանառության պայմաններում նախատեսվում է 4,9 տոկոս տնտեսական աճ, վկայում է այն մասին, որ տնտեսական որևէ զարգացում, բեկում մենք երբևիցե չենք ունենալու:
Այդուհանդերձ, մենք պետք է այս պահին ամրագրենք այն փաստը, որ ինչ-որ ժամանակ մենք երկնիշ տնտեսական աճ ենք ունեցել:
Այսինքն, հնարավոր է Հայաստանում երկնիշ տնտեսական աճ ապահովել, քանի որ մենք ունենք չափազանց փոքր շրջանառություն: Այս պարագայում տնտեսական մեծ աճը պայմանավորված է բացառապես պետական կառավարման համակարգի արդյունավետության հետ:
Եթե մենք չենք կարողանում բարձր տեմպերով աճ ապահովել, ուրեմն, նշանակում է, որ այդ կառավարման համակարգը խիստ անարդյունավետ է»,-եզրափակեց Վ. Բոստանջյանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում