Կառավարությունը հաստատեց ինտերնետ կառավարման սկզբունքները
ՀՀ կառավարությունը հաստատեց ինտերնետ կառավարման սկզբունքներ, որոնք նպատակաուղղված են լինելու ինտերնետ ծառայությունների որակի և անվտագության բարձրացմանը: Գործադիր մարմնի նիստի ժամանակ Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը տեղեկացրեց, որ ինտերնետ կառավարման սկզբունքների հաստատմամբ նախատեսվում է արբանյակային կապուղիների միջոցով ստեղծել պահուստային կապուղիներ: «Դա հնարավորություն կտա ապահովել առավել կարևոր տեղեկատվական հոսքերի փոխանցումը' անկախ հարևան երկրներում կապուղիների խափանումներից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ասաց նա:
Որոշման համաձայն' ՀՀ տրանսպորտի և կապի նախարարը եռամսյա ժամկետում պարտավորվում է վարչապետի հաստատմանը ներկայացնել ինտերնետ կառավարման ոլորտում քաղաքականության մշակման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնող «Ինտերնետ կառավարման համաժողով» միջգերատեսչական խմբի կազմը: Խմբում ներգրավված են լինելու հասարակական և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ:
Որոշմամբ ենթադրվում է նաև դոմենային անվանումների գրանցման և օգտագործման համար բարենպաստ պայմանների ստեղծում՝ նվազեցնելով վարչարարությունը և ապահովելով նվազագույն արգելքներ: Նախատեսվում է բարենպաստ պայմաններ ստեղծել Հայաստանի տարածքում կայքերի տեղակայման (hosting) համար: Դա կապահովի Հայաստանի մասնագետների ներգրավվածությունը այդ հանգույցների ստեղծման, պահպանման, անվտանգության ապահովման, զարգացման և նորամուծությունների կիրառման գործընթացում:
Սկզբունքների հաստատումը նպատակաուղղված է դոմենային անվանումների նպատակային օգտագործմանը՝ բացառելով դրանց ոչ պատշաճ օգտագործումը: Որոշմամբ նախատեսվում է դոմենային անվանումների' ազգային այբուբենով համակարգի ներդրում: Կընդլայնվի նաև դոմենային անվանումների համակարգի անվտանգությունը (DNSSEC):
Հայաստանում գործող օպերատորներին և ծառայություն մատուցողներին աջակցություն կցուցաբերվի իրենց ցանցերում և տիրույթներում ԱյՓի 6-րդ վարկածի (IPv6) արձանագրության օգտագործման համար: Միևնույն ժաանակ որոշումը թույլ կտա մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցչին ներգրավել ինտերնետ կառավարման աշխատանքներում: