Արտակարգ դեպք Երեւանում. բժիշկներին հաջողվել է փրկել տան 7 անդամների կյանքը. Նրանց թվում է մեկ տարեկան երեխա
ОбществоԵրեւանում, նոյեմբերի 18-ին, «շմոլ գազով թունավորման» դեպք է տեղի ունեցել. ժամը 18:50-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Երեւանի շտապօգնության բժիշկների հերթապահ 08 խումբը Թումանյան փողոցի 27 շենքի բնակարաններից մեկից «շմոլ գազով թունավորում հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քանի քաղաքացու:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանները պարզել են, որ տեղափոխվածներն են՝ 75-ամյա Սուսաննա Ն.-ն, 77-ամյա Ալբերտ Տ.-ն եւ մինչ ոստիկանները պարզում էին դեպքի հանգամանքները, «Մուրացան», բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ նույն հասցեից բժիշկների հերթապահ 14 խումբը նույն ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել նույն հասցեի բնակիչ, 1-ամյա Կարինե Ա.-ին, իսկ ժամեր անց «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ նույն հասցեից նույն ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխել 24-ամյա Սյուզաննա Ա.-ին, 28-ամյա Ռուզաննա Ա.-ին, 23-ամյա Ռաֆայել Տ.-ին, իսկ «Մուրացան» բժշկական կենտրոն է տեղափոխվել 29-ամյա Ռիմա Տ.-ն:
Ըստ նախնական տեղեկությունների՝ նշված անձինք թունավորվել են բնակարանում առաջացած գազի արտահոսքից: Շնորհիվ Երեւանի 103 շտապօգնության հերթապահ բժիշկների, «Էրեբունի», «Մուրացան» եւ «Արմենիա» բժշկական կենտրոնների բուժանձնակազմի՝ նշված անձանց կյանքին վտանգ չի սպառնում: Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: