Իրանում ձերբակալվել է անկարգություններին մասնակցած շուրջ 180 ակտիվիստ
Международные новостиԻրանի ներքին անվտանգության ուժերը ձերբակալել են վերջին օրերին տեղի ունեցած անկարգություններին մասնակցող շուրջ 180 ակտիվիստներին, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով իրանյան ԶԼՄ-ներին:
Նախարարության ներկայացուցչի խոսքով՝ այդ մարդիկ մեղադրվում են պետական կառույցների շենքերի վրա հարձակում գործելու, դրանք հրկիզելու, ոստիկանության բաժանմունքների կամ զինվորական օբյեկտների վրա հարձակվելու, ինչպես նաեւ քաղաքացիներին հակակառավարական միջոցառումներում ներգրավելու արշավներ կազմակերպելու մեջ: Ներքին անվտանգության ուժերի ներկայացուցիչը հավելել է, որ հասարակական կարգը խախտողների հայտնաբերման եւ ձերբակալման գործընթացը շարունակվում է:
Նոյեմբերի 15-ին Իրանում ուժի մեջ է մտել բենզինի գինը երկու անգամ բարձրացնելու մասին կառավարության որոշումը: 50 տոկոսով բարձրացել է մեկ անձի քվոտայի շրջանակում բենզինի արտոնյալ արժեքը: Համաձայն նոր կանոնների՝ ավտոմեքենայի սեփականատերը կարող է ստանալ մինչեւ 60 լիտր բենզին ամսական այդ գումարով, մոտոցիկլետի տերը՝ 25լիտր: Առանձին քվոտա է նախատեսված տաքսու վարորդների համար՝ 400 լիտր:
Այդ որոշումը կայացնելուց հետո Իրանի մի շարք քաղաքներում անցկացվել են բողոքի ցույցեր, տեղի են ունեցել բախումներ ոստիկանության հետ: Ցուցարարներն այրել են բանկերի գրասենյակները եւ ավտոլցակայանները: Անկարգություններ են գրանցվել հարյուրավոր բնակավայրերում:
Տեղական եւ արեւմտյան ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ զոհվել է 12-30 մարդ, տասնյակ մարդիկ ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ: