«Տարածելով հայ մշակույթը». համերգ ՆԱՄ-ում
Культура«Նարեկացի» արվեստի միությունում «Դանիել Երաժիշտի հետ» հանդիպման շրջանակում տեղի ունեցավ «Տարածելով հայ մշակույթը» խորագիրը կրող համերգ:
Միջոցառմանը երաժշտական կատարումներով հանդես եկավ միության «Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլը (գեղ. ղեկավար` ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հովիկ Սահակյան), երկու հանճարների՝ երգահան Կոմիտասի և բանաստեղծ Հ. Թումանյանի ստեղծագործությունների բովանդակության մեկնաբանությամբ ներկայացավ Դանիել Երաժիշտը, իսկ Անահիտ Հակոբյանն ընթերցեց նրանց մասին պատմող հետաքրքիր հատվածներ:
«2019 թվականի իմ բոլոր միջոցառումները Կոմիտասի և Հ. Թումանյանի ոգով շաղախված են եղել, այսօր նույնպես այդ մթնոլորտում կանցկացնենք մեր միջոցառումը»,- նշեց Դանիել Երաժիշտը:
Դանիել Երաժիշտը՝ խոսելով համաշխարհային մշակույթում Կոմիտասի և Հ. Թումանյանի ունեցած մեծ ավանդի մասին, նշեց նաև ապագա սերունդներին թողած նրանց ստեղծագործական հարուստ, արժեքավոր ժառանգություն մասին:
Միջոցառմանը ելույթներով հանդես եկան նաև քաղաքական, հասարակական գործիչ Անահիտ Բախշյանը, տնտեագետ, քանդակագործ Միխաիլ Ակրիտովը:
«Տարածելով հայ մշակույթը» ծրագրի նպատակն է մեղեդիների, քնարերգության, հոգևոր երաժշտության, ազգագրական պարերի միջոցով կրթել հասարակությանը, ծանոթացնել հայկական մշակույթին և արվեստին:
Ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: