«Տարածելով հայ մշակույթը». համերգ Վանաձորում
Культура«Տարածելով հայ մշակույթը» ծրագրի շրջանակում Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ մայր եկեղեցու սրահում տեղի ունեցավ «Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլի համերգը (գեղ. ղեկավար` ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հովիկ Սահակյան), որի ընթացքում ջութակահար, դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՆԱՄ գեղարվեստական խորհրդատու Դանիել Երաժիշտը Անահիտ Հակոբյանի ասմունքին զուգընթաց մեկնաբանեց հնչող ստեղծագործությունները՝ ներկաներին փոխանցելով իր արժեքավոր և հետաքրքիր մտքերը:
Բացման խոսքով հանդես եկավ ՆԱՄ հիմնադիր Նարեկ Հարությունյանը:
- Շատ իմաստալից և խորհրդավոր է լինել Աստծո տաճարում, որը կրում է Սուրբ Գրիգոր Նարեկացու անունը: Մեր բոլոր միջոցառումներին Տերը մեզ հոգևոր հովիվներ է ուղարկում, ովքեր իրենց օրհնությունն են տալիս մեր գործերին: Մեզ համար մեծ պատիվ է, որ այսօր Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը նույնպես գտնվում է այստեղ:
Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանն էլ իր օրհնանքի խոսքն ուղղեց ներկաներին:
-Ցավոք, այսօր մեր երիտասարդությունը կորցրել է անցյալի, իր ակունքների հետ կապը, իսկ դուք ձեր ուսերին եք վերցրել մեծ պարտականություն, որպեսզի վերականգնեք այդ կապը: Շնորհակալություն նաև Դանիել Երաժիշտին, ով հայտնի է որպես մաքուր, անաղարտ երաժշտության քարոզիչ, և, իհարկե, մեր շնորհակալությունը նաև գեղեցկուհի հայուհի Անահիտ Հակոբյանին և ՆԱՄ հիմնադիր Նարեկ Հարությունյանին:
«Նարեկացի» արվեստի միության, Վանաձորում իրականացված միջոցառման և բազմարժեք բաց դասի մասին իրենց երախտիքի և շնորհակալության խոսքն ուղղեցին նաև Գուգարաց թեմի սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգևոր հովիվ տեր Վահան քահանա Ազարյանը և Վանաձորի Կոմիտասի անվան արվեստի դպրոցի տնօրեն Վարդան Դոլմաջյանը:
Միջոցառման ավարտից հետո «Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլի երաժիշտները ստացան բացառիկ հրավեր Ստեփան Զորյանի տուն-թանգարանի տնօրեն Լենա Անթառանյանի կողմից՝ ներկա գտնվելու մեծանուն գրողի առանձնատանը:
«Նարեկացի» արվեստի միության աշխատակիցներն ու «Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլի երաժիշտները մեծ բավականություն ստացան տուն-թանգարանի ջերմ ընդունելությունից՝ տանելով իրենց հետ Ստեփան Զորյանի կյանքի մասին նոր և հետաքրքիր տեղեկություններ:
«Տարածելով հայ մշակույթը» ծրագրի նպատակն է մեղեդիների, քնարերգության, հոգևոր երաժշտության, ազգագրական պարերի միջոցով կրթել հասարակությանը, ծանոթացնել հայկական մշակույթին և արվեստին:
Ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: