Կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքական աստառը․ «Փաստ»
Аналитика«Փաստ» օրաթերթը գրում է
Ժամանակակից աշխարհում կոռուպցիայի դեմ պայքարը պետությունների համար կարևոր խնդիրներից մեկն է, քանի որ երկարաժամկետ կտրվածքով կոռուպցիան իր բացասական հետևանքներն է թողնում ինչպես երկրի քաղաքական համակարգի, տնտեսական վիճակի, այնպես էլ անվտանգության մակարդակի և հասարակության իմունիտետի վրա։
Պետք է հաշվի առնել, որ կոռուպցիան սպառնալիք է դարձել ոչ միայն առանձին պետությունների անվտանգության տեսանկյունից, այլև վերածվել է միջազգային մասշտաբի իրական վտանգի, որը խանգարում է մարդկային հասարակության բնականոն զարգացմանը, առաջընթացին և բարեկեցությանը:
Եվ կոռուպցիայի ու չարաշահումների դեմ պայքարի գլխավոր պայմաններից է պատասխանատվությունը և քաղաքացիական վերահսկողությունը:
Ներկայումս կան պետություններ, որոնք կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացում մեծ հաջողություններ են գրանցել, այդ երկրների հասարակությունները դրսևորել են կամք, պայքարել են և, ներդնելով կոռուպցիայի դեմ պայքարի գործուն մեխանիզմներ, հսկայական առաջընթաց են արձանագրել կոռուպցիայի վերացման և կանխարգելման գործում։ Այդպիսի երկրների հաջողված օրինակներ են Սինգապուրը և Հոնկոնգը։
Իսկ ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մեր երկրում էլ կոռուպցիան շարունակում է մնալ երկրի զարգացումը խոչընդոտող երևույթներից մեկը, և ոչ մի տարօրինակ բան չկար, որ երբ Նիկոլ Փաշինյանը իշխանության գալու հայտ ներկայացրեց, իր քաղաքական ամբիցիաները փորձում էր ներկայացնել նաև հակակոռուպցիոն պայքարի քողի ներքո։
Եվ, բնականաբար, վարչապետի պաշտոնը զբաղեցնելուց հետո վերջինս արդեն խնդիր ուներ հանրությանը ցույց տալ, թե կոռուպցիայի դեմ պայքարը նոր թափ է ստանում, երկրից արմատախիլ են արվում կոռուպցիոն երևույթները։
Արդյունքում հանրությունն ականատես է դառնում բազմաթիվ քրեական գործերի հարուցմանը, խուզարկությունների, ձերբակալությունների իրականացմանը և այլն։
Սակայն, որքան էլ զարմանալի է, հետագայում պարզվում է, որ հարուցված քրեական գործերի գերակշիռ մասն ուղղակի անհիմն էր, և գործերը կարճվում են։
Մեկ այլ խնդիր է նաև այն, որ, չգիտես ինչու, հակակոռուպցիոն պայքարի տեսադաշտում են հայտնվում միայն ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդիկ, իսկ իշխանության համախոհները դուրս են մնում տեսադաշտից։
Բազմաթիվ վերլուծաբանների կարծիքով՝ կոռուպցիայի դեմ պայքարը քաղաքական նշանակություն ունի ներկայիս իշխանությունների համար սեփական դիրքերն ամրապնդելու տեսանկյունից։
Պետք է հաշվի առնել, որ կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարը ենթադրում է ինստիտուցիոնալ մոտեցում, երբ այդ խնդիրն իրականացվում է ապաքաղաքական մարմնի կողմից, որը կաշկանդված չէ որևէ կերպ, սակայն իշխանությունները կոռուպցիայի դեմ պայքարի շուրջ ունեն իրենց մոտեցումը, այն է՝ այդ գործընթացը պահել իրենց վերահսկողության ներքո։
Ուստի պատահական չէ, որ անցած շաբաթ ԱԺ-ում ձևավորված կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ունի հետևյալ տեսքը՝ հինգ անդամներից 2-ը ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչներն են, մեկը՝ իշխող «Իմ քայլի», իսկ մյուս երկուսը իշխանության գործադիր և դատական ճյուղերն են ներկայացնում:
Իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները պնդում են, որ հանձնաժողովը ձևավորվել է քաղաքական կոնսենսուսի արդյունքում, ինչը նշանակում է, որ այն քաղաքական պայմանավորվածության արդյունք է։
Ուստի դժվար է պատկերացնել, թե այսպիսի տեսքով կոռուպցիայի դեմ հանձնաժողովը որքանո՞վ է անկաշկանդ լինելու, երբ, օրինակ՝ գործընթացը շոշափի քաղաքական ուժերից որևէ մեկի՝ մանավանդ իշխող ուժի շահերը։
Բացի այդ, այս կառույցը կարող է ներկուսակցական շահերի բախման հարթակ դառնալ։
Եվ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պաշտոնում ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից առաջադրված Հայկուհի Հարությունյանի ընտրվելը որևէ նշանակություն չի կարող ունենալ, քանի որ հանձնաժողովի նախագահի դերը սիմվոլիկ է, և կարևորությունը տրվում է նրան, թե ձայների ինչ հարաբերակցությամբ են որոշումներն ընդունվում, իսկ նախագահն ունի ընդամենը մեկ ձայնի իրավունք։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում