Լևոն Արոնյանը չի մասնակցի Երուսաղեմի Գրան Պրիին
СпортԼևոն Արոնյանը առողջական խնդիրների պատճառով չի մասնակցի դեկտեմբերի 11-ից 23-ը Երուսաղեմում տեղի ունենալիք Գրան Պրի մրցաշարին: Այս մասին հայկական շախմատի առաջատարը հայտնել է Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում:
«Երկար մտածելուց և ՖԻԴԵ-ի նախագահ պարոն Դվորկովիչի թույլտվությունը ստանալուց հետո որոշում եմ ընդունել հրաժարվել Երուսաղեմում տեղի ունենալիք ՖԻԴԵ-ի Գրան Պրի մրցաշարի մասնակցությունից:
Ցավոք, Գրան Պրիի անցկացման ժամկետը համընկնում է իմ շնչառական խնդիրների հետ կապված բուժման կուրսի ժամկետին:
Բուժում ստանալուց հետո կվերադառնամ ավելի առողջ և ավելի ուժեղ»,- գրել է Արոնյանը:
Հիշեցնենք, որ Լևոն Արոնյանը դուրս է եկել Grand Ches Tour-ի եզրափակիչ, որտեղ նրա մրցակիցները կլինեն աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը, չինացի Դին Լիրենը եւ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը։
Եզրափակիչ մրցաշարը տեղի կունենա դեկտեմբերի 2-ից 8-ը Լոնդոնում։