Գովազդի՞, թե՞ Սևրի պայմանագրի կողքը հանգիստ պառկելու արժանի կառույց. «Փաստ»
Аналитика«Փաստ» օրաթերթը գրում է
Շատ է խոսվել այն մասին, որ վարչապետ դառնալուց հետո Փաշինյանը որոշ սկզբունքային հարցերում իր դիրքորոշումը կտրուկ փոխել է:
Վարչապետի այսպիսի մոտեցումը վերաբերում է ոչ միայն ներքաղաքական օրակարգի հարցերին, այլև արտաքին քաղաքականությանը և անվտանգությանը վերաբերող խնդիրներին:
Եվ հատկապես ուշագրավ է Փաշինյանի փոփոխական դիրքորոշումը Հայաստանի՝ ՀԱՊԿ անդամակցության վերաբերյալ:
Ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակ նա առիթը բաց չէր թողնում ամենախիստ քննադատության ենթարկելու անվտանգային այդ կառույցը:
Նա նշում էր, որ ՀԱՊԿ-ին անդամակցությունը Հայաստանի շահերից չի բխում: Իսկ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսելու մասին «Ելք» դաշինքի նախագծի քննարկման ժամանակ Փաշինյանը բավականին կոշտ էր արտահայտվում այդ կառույցի մասին.
«Ամբողջ օրը ասում ենք ՀԱՊԿ, ՀԱՊԿ, հենց հարձակում է լինում, պարզվում է՝ չէ, ՀԱՊԿ պայմանագիրը այդ գյուղերի համար չի, Մովսես գյուղի համար չի, մի հատ ուրիշ գյուղի համար, մի հատ հասկանանք՝ ՀԱՊԿ-ն ինչ է:
Մեր թշնամուն ՀԱՊԿ-ն է զինում, պետք է հստակեցում մտնի, թե ի՞նչ պարտավորություններ ունենք: ՀԱՊԿ պայմանագիրը գնալու է Սևրի պայմանագրի կողքը հանգիստ պառկի»:
Հասկանալի է, որ այդ ժամանակ Փաշինյանը, որպես ընդդիմադիր պատգամավոր, կարող էր ժողովրդահաճո հայտարարություններ անել, քանի որ իր վրա որևէ պատասխանատվություն դրված չէր:
Բայց երբ արդեն ԱԺ-ում քննարկվում էր վերջինիս՝ վարչապետ ընտրվելու հարցը, պատգամավորների շրջանում ՀԱՊԿ-ի շուրջ նրա հայտարարությունների մասով մտահոգություն կար:
Այդ իսկ պատճառով ՀԱՊԿ-ի շուրջ հարց հնչեց, որին ի պատասխան վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը նշեց, որ շատ օգտակար կլինի փոխադարձ դաշնակցային պարտավորությունների ճշգրտումը հենց ռազմական անվտանգության ոլորտում։
Եվ միայն վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո Փաշինյանը մեղմացրեց իր քաղաքական դիրքորոշումը ՀԱՊԿ-ի հարցում՝ հասկանալով, որ իր վրա պատասխանատվություն է դրված, և չի կարող ինքն այլևս «օդից կախված» հայտարարություններ անել՝ մանավանդ, երբ ամեն քայլափոխի հայտարարում էր, թե իրենց կատարած հեղափոխությունը չունի աշխարհաքաղաքական կոնտեքստ:
Սակայն Փաշինյանի այսպիսի հայտարարությունը չխանգարեց, որ սև ամպեր կուտակվեն ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի գլխին, երբ վերջինիս 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված մեղադրանք առաջադրվեց սահմանադրական կարգը տապալելու մասով:
Մեղադրանքի առաջադրումից հետո սկսվեց գործընթաց` Յուրի Խաչատուրովին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից հետ կանչելու վերաբերյալ:
Իսկ 2018թ. նոյեմբերի 2-ին ՀԱՊԿ խորհրդի որոշմամբ Յուրի Խաչատուրովը ազատվեց գլխավոր քարտուղարի պաշտոնից:
Արդյունքում ՀԱՊԿ-ի շուրջ Փաշինյանի վարած քաղաքականությունը դժգոհություն առաջ բերեց կազմակերպության անդամ երկրների շրջանում, Բելառուսը փորձեց իր ներկայացուցչին ժամանակից շուտ նշանակել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում, և չնայած չհասավ այդ նպատակին, բայց Հայաստանն, ըստ էության, կորցրեց գլխավոր քարտուղարի պաշտոնում իր ներկայացուցիչն ունենալու հնարավորությունը:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ տեղի ունեցած այս միջադեպը ոչ միայն բացասական ազդեց Հայաստանի հեղինակության, այլև այդ անվտանգային կազմակերպության վարկանիշի վրա:
Տեսնելով, որ արկածախնդիր քաղաքականության պատճառով Հայաստանը կարող է անվտանգային խնդիրներ ունենալ, և իր վարկանիշը կարող է մեծապես տուժել դրանից, Փաշինյանը կտրուկ փոխեց իր դիրքորոշումը՝ դառնալով ՀԱՊԿ-ի մոլի ջատագով:
Եվ այդ կազմակերպության շրջանակներում տեղի ունեցող հանդիպումների ժամանակ արդեն ՀՀ վարչապետը սկսեց հայտարարել, թե ՀԱՊԿ-ը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող կազմակերպություն է և կայունության և անվտանգության գլխավոր գործոնն է մեր տարածաշրջանում:
Իսկ օրերս Բիշքեկում կայացած ՀԱՊԿ խորհրդի նիստի ընթացքում ՀՀ վարչապետը սմարթֆոնով լուսանկարեց գագաթաժողովում ընդունված որոշումների ներքո ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների ստորագրություններն ու տեղադրեց իր ֆեյսբուքյան էջում:
Իսկ ռուսական հեռուստաալիքներից մեկի լրագրողի հարցին ի պատասխան, թե ինչո՞ւ իր սմարթֆոնով լուսանկարեց ՀԱՊԿ պայմանագիրը, Փաշինյանը նշեց, թե այդ քայլով ՀԱՊԿ-ի գովազդն է անում: ՀԱՊԿ-ի գովազդ անելիս՝ Փաշինյանը մոռանում է, որ ժամանակին հայտարարում էր, թե ՀԱՊԿ պայմանագիրը գնալու է Սևրի պայմանագրի կողքը հանգիստ պառկի:
Երևի այդ պատճառով է, որ շատ փորձագետներ, այդ թվում՝ արտերկրյա, նշում են, թե այս իշխանությունների համար տեսակետ փոխելը դարձել է գուլպա փոխելու պես մի բան:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում