ՀՀ-ի հայտը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում
КультураԿոլումբիայում դեկտեմբերի 9-14-ը ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման հարցերով միջկառավարական կոմիտեի 14-րդ նստաշրջանին որոշում կայացվեց Հայաստանի ներկայացրած «Հայկական տառարվեստը և դրա մշակութային դրսևորումները» հայտն ընդգրկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:
Մինչ այդ, հայտը փորձագիտական քննություն էր անցել և ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գնահատման մարմնի փորձագետների կողմից դրական գնահատականի արժանացել։
Միջկառավարական կոմիտեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թ. «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի գլխավոր մարմիններից է: Այն ստեղծվել է կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն, կազմված է 24 անդամ պետություններից: Կոմիտեի կարևոր գործառույթներից է կոնվենցիայով սահմանված ցանկերում գրանցվելու նպատակով անդամ պետությունների կողմից ներկայացված հայտերի առնչությամբ վերջնական որոշում կայացնելը: Հայաստանը Կոմիտեի անդամ է ընտրվել 2016-2020 թթ. ժամանակահատվածի համար:
Նստաշրջանին մասնակցում են աշխարհի 137 երկրների 752 ներկայացուցիչներ, այդ թվում` կոնվենցիային միացած անդամ երկրների, ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, դիտորդներ, ինչպես նաև տարբեր երկրների լրատվամիջոցներ: Նստաշրջանին մասնակցելու նպատակով Կոլումբիա է մեկնել ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Ք. Տեր-Ստեփանյանը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության գլխավոր մասնագետ Ն. Կիլիչյանը։
Նստաշրջանի օրակարգի կարևորագույն հարցերից են տարբեր երկրների կողմից գրանցման ներկայացված հայտերի քննարկումները: Ներկայացվել է 54 հայտ, որից 6-ը՝ անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության, 42-ը` մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկերում ընդգրկելու, 3-ը` ժառանգության պաշտպանության լավ փորձի գրանցամատյանի առաջարկներ և 3 հայտ` ոչ նյութական մշակութային ժառանգության հիմնադրամի կողմից անդամ պետություններին տրամադրվող միջազգային աջակցություն ստանալու նպատակով:
Հայաստանի Հանրապետությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թ. «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիան վավերացրել է 2006 թ. և մինչ օրս ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում գրանցել է «Դուդուկն ու իր երաժշտությունը» (2008 թ.), «Հայկական խաչքարի արվեստ. խաչքարի խորհուրդն ու խաչքարագործությունը» (2010 թ.), «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ էպոսի կատարողական դրսևորումները» (2012 թ.), «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևորումները Հայաստանում» (2014 թ.) և «Քոչարի. ավանդական խմբապար» (2017 թ.) տարրերը: