«Այնքան Համարձակ Չեմ, Որ Ամեն Ինչ Ջնջեմ և 0-Ից Սկսեմ»․ Լուիզա Ներսիսյան
Դերասանուհի Լուիզա Ներսիսյանը հաճախ է դիմում ոճափոխության և հեռուստադիտողներին պարբերաբար ներկայանում է նոր սանրվածքներով և մազերի գույնի փոփոխություններով։ Վերջին շրջանում շիկահեր դարձած դերասանուհին հիմա ընտրել է մազերի վարդագույն երանգը։
Tert.am Life-ը դերասանուհու հետ զրուցել է ոճափոխության, մազերի նախընտրելի գույնի և հաճախ փոփոխությունների գնալու համարձակության մասին։
«Փոփոխությունները հանպատրաստից են լինում։ Այնպես չի լինում, որ նախապես ծրագրեմ, որոշեմ և հետո իրականացնեմ։ Հիմնականում պահի ազդեցության տակ է լինում, շատ մեծ կապ ունի նաև իմ տրամադրությունը։ Կարևորում եմ նաև, թե փոփոխության ինչ առաջարկ է լինում, հանուն ինչի է արվում։ Երբեք դա ուղղակի չեմ անի, եթե ոճային և բովանդակային հիմք չունենա»,-ասաց դերասանուհին։
Խոսելով փոփոխությունների գնալու համարձակության մասին՝ Լուիզան նշեց, որ չնայած հաճախ է դիմում ոճափոխության, կարծում է, որ կարելի էր էլ ավելի համարձակ գտնվել․ «Աշխատում եմ ընդհանուր փոփոխություններ անել՝ դիմահարդարում, հագուստ, տրամադրություն։ Պատրաստ եմ ամբողջական կերպար ստանալու համար սանրվածքի փոփոխություն անել, մազերիո փարթամության շնորհիվ դա բավականին հեշտ է տրվում ինձ՝ կառե սանրվածքից մինչև երկար ալիքներ, գեղեցիկ հավաքած ինչ-որ լուծումներ։ Արտաքին փոփոխությունները հիմնականում համարձակությամբ եմ անում, չնայած կարող էի ավելի համարձակ լինել»։
Դերասանուհին նշեց, որ չկա մի սանրվածք, որով իրեն չի պատկերացնում։ «Պատկերացնելը կապված է իմ էմոցիաների հետ՝ ես ինձ դուր կգա՞մ, թե՞ ոչ, խոսքս, իհարկե, բեմական կամ եթերային կերպարների մասին չէ։ Որևէ բան չեմ բացառում, որովետև հնարավոր է ներքուստ պատրաստ լինեմ սև մազերի, կարճ սանրվածքի, անգամ, ճաղատանալու։ Եթե պահը հասունանում է, երբեք չեմ ասում երբեք,- նշեց Լուիզան և ծիծաղելով շարունակեց,- Իմ մազերն ուղղակի մեղք են՝ ես միայն դա կարող եմ ասել, որովհետև իրենք հերոս են, որ դիմանում են այսքան իմպրովիզների։ Իհարկե խնամում ենք՝ թե՛ ես, թե՛ վարսահարդարս, սակայն խնամքին հաջորդում է նոր փոփոխությունը»։
Չնայած Լուիզան պարբերաբար դիմում է փոփոխությունների, դժվարանում է մտաբերել այնպիսի սանրվածքներ, որով իրեն ամենից շատն է հավանել․ «Դժվար է առանձնացնել մի կերպար, որում ամենից շատն եմ ինձ դուր եկել։ Եթե այդ շրջանում ինձ համար ընտել եմ այդ սանրվածքը, ուրեմն միանշանակ ես ինձ դուր եմ եկել։ Սակայն հետադարձ հայացք նետելով, ամեն դեպքում, եղել է մի քանի սանրվածք, որոնք կարող եմ առանձնացնել, դրանցից է կառեն, որը, ըստ իս, շատ հետաքրքիր էր, մազերիս կարմիր գույնը, «Սկոտչ & Whiskey»-ում հերոսուհուս սանրվածքը»։
Չնայած ոճափոխության հաճախականությանը, դերասանուհին իր կյանքում փոփոխությունների մասին այլ տեսակետ ունի․ «Փոփոխություններ սիրում եմ, սակայն նայած, թե կյանքի որ բնագավառում են և ինչ են ենթադրում։ Շատ կտրուկ և բուն կյանքի հետ կապված փոփոխություններ այնքան էլ չեմ սիրում՝ այդքան համարձակ չեմ, որ ամեն ինչ ջնջեմ և զրոյից սկսեմ»։