«Որպես թիվ մեկ սպառնալիք շարունակում են մնալ Ադրբեջանի հետ չավարտված պատերազմն ու Արցախի հարցով տարվող գործընթացում առկա վտանգավոր միտումները»․ «Փաստ»
Интервью«Փաստ» օրաթերթը գրում է
Երեկ հերթական անգամ Արցախը որպես ինքնադրսևորման ու ինքնահաստատման միջոց օգտագործեց «Սասնա ծռերը»:
Մասնավորաբար հայտարարությամբ հանդես եկավ Ժիրայր Սեֆիլյանը, որն անդրադարձել է Արցախում կայանալիք նախագահական ընտրություններին՝ նշելով, որ «դրանք դառնում են ազգային անվտանգության սպառնալիք, և 100 հազարից քիչ ավելի բնակչություն ունեցող փոքրիկ տարածքում անկախ պետություն խաղը կլանում է հանրային և քաղաքացիական գրեթե ամբողջ էներգիան և ռեսուրսը»։
Բացի դա, ընտրությունների մասին խոսելիս անընդհատ շեշտել էր՝ «այսպես կոչված նախագահական ընտրություններ» արտահայտությունը։
Դե, իհարկե, չէր մոռացել անդրադառնալ նաև Արցախ-Հայաստան վերամիավորման իր մշտական թեզին։ Սա առաջին դեպքը չէ, երբ «Սասնա ծռերի» ներկայացուցիչները և որոշ այլ ուժեր փորձում են իրենց կասկածելի, եթե չասենք ավելին, տեսակետներով որոշակի վտանգավոր մթնոլորտ ձևավորել Արցախի շուրջ։
«Փաստն» այս հայտարարությունների վերաբերյալ մեկնաբանություն ստանալու նպատակով դիմեց Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանին։
Անդրադառնալով Ժիրայր Սեֆիլյանի հայտարարություններին՝ նա նշում է.
«Հայաստանն ու Արցախն ունեն ընդհանուր պատկերացումներ և մոտեցումներ, թե որ ուղղությամբ ենք շարժվում, ինչ հնարավորություններ ունենք և ինչ ձևով է հնարավոր առավել արդյունավետ ուղով հասնել Արցախի հարցի վերջնական՝ մեզ համար շահեկան կարգավորմանը:
Հայաստանի և Արցախի վերամիավորումն ինքնանպատակ գործընթաց չէ, դրա մասին հայտարարելը կամ պրոցես սկսելուց առաջ պետք է գնահատել դրա բոլոր ռիսկերը, այդ գործընթացն այս փուլում սկսելու բոլոր հետևանքները՝ դիվանագիտական, ռազմական և այլն: Ադրբեջանի հետ չավարտված պատերազմի պայմաններում պետք է առավելագույնս հաշվարկել, թե գործընթացում շրջադարձային քայլեր անելն ինչ հետևանքներ կունենա: Անկախ այն հանգամանքից, որ մենք շարժվում ենք Արցախի միջազգային ճանաչման ճանապարհով, հասկանալի է, որ վերջնանպատակը Հայաստանի և Արցախի՝ մեր մեծ հայրենիքի վերամիավորումն է:
Ի դեպ, Ժիրայր Սեֆիլյանի հայտարարությունն իր մեջ սպառնալիք է պարունակում հենց միայն այն տեսանկյունից, որ Արցախում պաշտոնապես գրանցված մոտ 159 հազար քաղաքացիներին իր տեքստում ներկայացնում է «100 հազարից քիչ» բնակչություն:
Ինչո՞ւ է Ժիրայր Սեֆիլյանն Արցախի բնակչությունը իրականից զգալի քիչ ներկայացնում և թե սրանով ի՞նչ անվտանգային ռիսկեր է առաջ բերում, թողնում եմ ընթերցողների և ոլորտային փորձագետների վերլուծությանը»,-ասում է Աբրահամյանը:
Հետաքրքրվում ենք՝ 2020 թվականի նախագահական ընտրություններին ընդառաջ՝ ինչպիսի՞ն են Արցախում հասարակական ներքին տրամադրությունները։
«Արցախում առկա տրամադրությունները տեղավորվում են ընտրական պրոցեսներին հատուկ տրամաբանության մեջ: Քաղաքական ուժերը դիրքավորման խնդիրներ են լուծում, պատրաստվում են ընտրական ցիկլին:
Մոռացված ուժերն ու անհատները փորձում են հիշեցնել իրենց մասին, ակտիվ գործող ուժերն ամփոփում են իրենց կատարած աշխատանքները և խոսում առաջիկա տարիների անելիքների մասին: Եթե կարճ, ապա այսքանը»,-ընդգծում է Արցախի նախագահի խորհրդականը:
Թերևս նորություն չէ, որ Արցախը համայն հայության ուշադրության կենտրոնում է և նրա հետ կապված ցանկացած տեղեկատվություն, ահազանգ հետաքրքրում և անհանգստացնում է բոլորին։
Վերջին շրջանում հատկապես շատ է խոսվում Արցախի ներքին և արտաքին անվտանգության խնդիրների մասին։ Աբրահամյանին խնդրում ենք պարզաբանել՝ արդյո՞ք այս առումով կան սպառնալիքներ։
«Արցախի և Հայաստանի համար որպես թիվ մեկ սպառնալիք շարունակում են մնալ Ադրբեջանի հետ չավարտված պատերազմն ու Արցախի հարցով տարվող գործընթացում առկա վտանգավոր միտումները:
Սրանք առաջին հերթին պայմանավորված են նրանով, որ Ադրբեջանն առանձնապես ջանքեր չի գործադրում բանակցությունների վերսկսման ուղղությամբ, իսկ թեմայի կարգավորման հարցում հռետորաբանությունն առավել կոշտ բնույթ է կրում»,-եզրափակում է Տիգրան Աբրահամյանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում