Ի՞նչ հագնել տոներին, որո՞նք են 2020-ի թրենդներն ու գույները․ ոճաբան Արայիկ Գաբաջյանի խորհուրդները
ИнтервьюՆախատոնական շրջանում շատերին է հետաքրքրում, թե որոնք այն գույները, թրենդները, որոնք թելադրում է նորաձևությունը։ Ի՞նչ գույներով, ի՞նչ հագուստով կամ զգեստով է նախընտրելի դիմավորել Ամանորը, որո՞նք են լինելու 2020 թվականի ձմեռային նորաձևության թրենդները։
Past.am-ն այս հարցերի շուրջ զրուցել է ոճաբան Արայիկ Գաբաջյանի հետ, որի մասնագիտական խորհուրդները կօգնեն հատկապես նրանց, ովքեր հագուստների, զգեստների ու գույների բազմազանության մեջ դժվար ընտրություն են կատարում։
Արայիկ Գաբաջյանը մեզ հետ զրույցում նախ ընդգծեց, որ Ամանորը պետք է դիմավորել այն գույների զգեստներով, որոնք մարդն իրեն ավելի համահունչ է համարում։
«Խոսքը ինչպես ներքին վիճակի, այնպես էլ մաշկի, վարսերի գույնին համահունչ լինելու մասին է։ Չկա որևէ գույն, որը պարտադրված է, սակայն կան գույներ, թրենդներ, որոնք թելադրում է 2020 թվականը։
Այդ գույներն են կապույտի բոլոր երանգները, դեղինի ամենավառ երանգը և մուգ մանուշակագույնը։ Այս Ամանորի գիշերը ցանկալի կլինի ավելի վառ գույներ հագնել»,-ասաց ոճաբանը։
Մեզ մոտ շատ հաճախ կարևորում են տվյալ տարվա կենդանակերպի նշանը, հագուստի գույներն ընտրում հենց այդ տրամաբանության մեջ։ Ոճաբանից հետաքրքրվեցինք՝ սա ճի՞շտ մոտեցում է։
«Եթե այդ տեսանկյունից դիտարկենք, ուրեմն գալիք տարվա կենդանակերպի նշանը պարտադրում է ոսկեգույնը։ Քանի որ ճերմակ առնետի տարի է, կարելի է ճերմակ և ոսկեգույն հագնել։
Բայց վերոնշյալ մոտեցումը ես ավելի շատ սնահավատություն եմ համարում։ Ամեն դեպքում, եթե այդ սնահավատությունը պետք է «փրկի» մեր ժողովրդին, որոնք մտածում են՝ այդ գույները հագնելու պարագայում տարին հաջող կլինի, ուրեմն թող հագնեն»,-կես կատակ ընդգծեց մեր զրուցակիցը՝ նախընտրությունը տալով մեկ այլ դետալի։
«Կարելի է հագնել վառ գույներ՝ ունենալով մի փոքր նշան, որը կխորհրդանշի այս տարվա ճերմակ առնետին։
Դա կարող է լինել թե՛ բռոշի, թե՛ ոսկյա զարդի տեսքով։ Առնետը սիրում է ոսկեգույնը»,-ասաց Ա․ Գաբաջյանը։
Ինչ վերաբերում է 2020թ․-ի թրենդներին, ոճաբանի խոսքով դրանք շատ-շատ են։
«Ավելի շատ արհեստական գործվածքներն են ներխուժել նորաձևություն, նորաձև են նաև հագուստի վրա ամրացված շղթաները։ Միևնույն ժամանակ նորաձև են միատոն գործվածքները, ինչպես նաև այն գործվածքները, որոնք հենց իրենցից փայլ ունեն։
Նորաձև են նաև երկար, լայն տունիկաները, որոնք 1980-ականներին դիսկո ոճ էին համարվում»,-նշեց ոճաբանը՝ շեշտելով, որ նորաձև են շղթաներով իրար միացված հագուստի դետալները։ Այս պարագայում խոսքը ոչ թե հաստ շղթաների, այլ սովորական բարակ շղթայի մասին է, որոնք նաև ամրացված են լինում հագուստներին։
«Նորաձև են նաև կաշվե տիսմաներով մշակված եզրերով տաբատները, ինչպես նաև լայն տաբատները, որոնք ներքևի հատվածում միանգամից նեղանում են: Ինչպես բոլոր սեզոններին, այս սեզոնին ևս լեգինզները կրկին նորաձև են։
Նորաձևությունից դուրս չի եկել նաև վագրային պրինտ կոչվածը»,-եզրափակեց ոճաբանը։
ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ