«Ինձ 6 ամիս առաջ զգուշացրել էին՝ եթե հրաժարական չտաս մի օր մեղադրանք կառաջադրվի». Հրայր Թովմասյան (Տեսանյութ)
TVԵս հրաժարվել եմ որեւէ ցուցմունք տալուց։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 27-ին, ՍԴ-ի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը՝ անդրադառնալով ՀՔԾ քննիչների կողմից իր հարցաքննությանը:
«Քննիչն ասաց, որ իր կյանքում այսպիսի մեղադրյալ չի տեսել, որ այսպիսի տրամադրություն ունենա, ասաց՝ երեւի աշխարհում որեւէ քննիչ չի տեսել։ Չի տեսել շատ պարզ պատճառով, որ մի օր մեղադրանք էր առաջադրվելու, ինձ 6 ամիս առաջ դրա մասին զգուշացրել էին, որ «իքս», «իգրեկ», «զեթ» քայլերը չանելու համար ձեզ մի օր մեղադրանք կառաջադրվի։ Ուստի դրա մասին մի օր կխոսեմ։
«Իքս», «իգրեկ», «զեթ» քայլերը հրաժարական տալն էր։ Այս մեղադրանքը՝ 308-ի 2-րդ մասով, առաջադրելն իմ կյանքում ոչինչ փոխել եւ չի կարող փոխել։ Մենք բաժանվեցինք որպես պրոֆեսիոնալներ քննիչի հետ եւ ես իրեն ասացի, որ ես որպես պրոֆեսիոնալ իրեն գնահատում եմ, բայց ցավում եմ, որ ինքը ներգրավված է ոչ թե իրավական պրոցեսների մեջ այլ քաղաքական պրոցեսների մեջ։ Ես հրաժարվել եմ որեւէ ցուցմունք տալուց»,-հայտարարեց Թովմասյանը:
Նա ընդգծեց, որ որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ վերջին 6-7 ամիսներին ՍԴ-ն աշխատել է աննախադեպ ճնշումների ներքո. «Այդ ճնշումները ոչ միայն հայհոյախառն էին, ոչ միայն սպառնալիքներ էին, ոչ միայն այսօրվա մասին զգուշացումներն էին, այլ կոնկրետ բռնության կոչերն էին եւ դրանց դրսեւորումներն էին, բայց այդ ժամակահատվածում ՍԴ-ն, փառք ու պատիվ բոլոր դատավորներին, աշխատել է առանց որեւէ խոչընդոտի, ընդունել է այնպիսի որոշումներ, որոնք ելակետային են լինելու մեր իրավական համակարգի հետագայի համար եւ կարծում շատերը վատ են ճանաչում ՍԴ դատավորներին, նրանք ուժեղ, հայրենասեր մարդիկ են, նրանք նվիրյալներ են»:
Նշենք, որ ՍԴ-ում ՀՔԾ ներկայացուցիչները հարցաքննել են ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին, որից հետո նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ): Խոսքը նույն քրեական գործի մասին է, որով մեղադրանք էր առաջադրվել Թովմասյանի սանիկին՝ Նորայր Փանոսյանին։
Միաժամանակ, ՍԴ-ի բակում ընթանում է բողոքի ակցիա։ Այնտեղ են քաղաքական գործիչներ եւ իրավաբաններ։
Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 26-ին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին, «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքների փաթեթը՝ ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու մասին։ Դրանից անմիջապես հետո ՀՔԾ քննիչները գնացել էին ՍԴ, սակայն պարզ չէ, թե ինչ նպատակով։
Ավելի ուշ տեղեկություն էր ստացվել, որ ՀՔԾ-ն եւս մեկ դրվագով լրացրել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին առաջադրված մեղադրանքը եւ այդ հիմնավորմամբ կրկին դիմել դատարան՝ Փանոսյանին կրկին կալանավորելու համար։