Վտանգավոր է ճարպոտ ուտելիքի և ալկոհոլի զուգակցումը. սննդաբանի խորհուրդները
ИнтервьюԻնչպե՞ս անել, որ ամանորյա տոներին, երբ սնունդն ավելի շատ է ու բազմատեսակ, սնվելուց հետո տհաճ՝ ծանրության, թունավորումների տեսքով հետևանքներ չլինեն:
«Կարող է լինել և՛ ալկոհոլային, և՛ սննդային թունավորում, ընդ որում, հատկապես վտանգավոր է ճարպոտ ուտելիքի և ալկոհոլի զուգակցումը:
Կան, օրինակ՝ մարդիկ, որոնք առօրյայում հաճախակի չեն օգտագործում ալկոհոլ, իսկ տոնական օրերին մեծ քանակի, այդ թվում նաև ճարպոտ սնունդը զուգակցում են ալկոհոլով:
Սրա ամենամեծ վտանգը սուր պանկրեատիտի առաջացումն է: Հետևաբար տնային տնտեսուհիներին խորհուրդ է տրվում նվազեցնել ճարպի քանակը ճաշատեսակներում»,-«Past.am»-ի հետ զրույցում ասում է էնդոկրինոլոգ-սննդաբան Հասմիկ Աբովյանը:
Նա հորդորում է՝ ճաշատեսակները պատրաստել քիչ քանակությամբ, քանի որ դրանք հնանում են: «Մթերքների մեծ մասը չի կարելի 72 ժամից ավելի պահել անգամ սառնարանում: Բացի դա, կան պահպանման կանոններ:
Արդեն պատրաստի սնունդը պետք է չառնչվի հում մթերքների՝ մսի, ձկան, բանջարեղենի հետ:
Պետք է դրանք սառնարանում իրարից առանձին լինեն: Չի կարելի, օրինակ՝ ճաշատեսակն անընդհատ տաքացնել, մատուցել և նորից վերադարձնել սառնարան: Պետք չէ աղցանները նախապես համեմել մայոնեզով, թթվասերով:
Ի դեպ, խորհուրդ եմ տալիս դրանց փոխարեն օգտագործել սպիտակ դասական կամ հունական յոգուրտ: Համային առումով սա նման է թթվասերին և մայոնեզին, բայց որակական առումով տարբերվում է:
Շատ ավելի թեթև է, դիետիկ, ցածր կալորիականությամբ:
Ի դեպ, աղցանները համեմեք այնքան, որ դրանք մատուցելուց հետո արագ սպառվեն»,-նշում է մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ անթույլատրելի է ուտելիքը պահել սեղանի վրա երկար ժամանակ. սննդային ինֆեկցիաները շատ արագ զարգանում են սենյակային տաք պայմաններում:
Աբովյանն ասում է՝ խորհուրդները շատ են, սակայն սրանք ամենակարևորներն են: «Այս օրերին պետք է աշխատել շատ միրգ ու բանջարեղեն օգտագործել, ոչ թե քաղցրավենիք և խմորեղեն: Իսկ քաղցր ըմպելիքների փոխարեն խորհուրդ է տրվում օգտագործել կա՛մ սովորական, կա՛մ էլ հանքային ջուր»,-ընդգծում է սննդաբանը:
Ինչ վերաբերում է գիրանալուն, Աբովյանը խորհուրդ է տալիս հյուր գնալուն, համեղ ուտեստներ համտեսելուն զուգահեռ մեծ ուշադրություն դարձնել նաև զվարճանալուն, տարբեր հետաքրքիր վայրեր այցելելուն, քանի որ այս կերպ կարելի է «կտրվել տոնական սեղաններից»:
«Շատ հաճախ իմ այցելուներին խորհուրդ եմ տալիս, եթե վախենում եք կրկին գիրանալուց, բայց հյուր գնալիս չեք ցանկանում նաև նեղացնել տանտիկնոջը և օգտվել նրա հյուրասիրությունից, ապա ընտրեք ամենաախորժելի մեկ ուտեստը և համտեսեք այն:
Բացի դա, հատկապես կանանց կարող եմ խորհուրդ տալ հագնել նեղ կորսետներ, գոտիներ, որոնք որոշակիորեն «կզսպեն նրանց ախորժակը», քանի որ դրանք թույլ չեն տալիս մեծ քանակությամբ սնունդ օգտագործել, այդ դեպքում կորսետները սկսում են նեղություն տալ»,-եզրափակում է Հասմիկ Աբովյանը:
Լուսինե Առաքելյան