Հրդեհներ Ավստրալիայում. դժոխք երկրի վրա
Международные новостиՀրդեհներն Ավստրալիայում հասել են այնպիսի մասշտաբների, որ սկսել են ինքնուրույն ձեւավորել այնպիսի եղանակ, որը նպաստում է կրակի հետագա տարածմանը։ Այսպիսի հայտարարությամբ հանդես է եկել երկրի օդերեւութաբանական գրասենյակը, տեղեկացնում է BBC-ն։
Կրակով բռնված հսկայական տարածքում գոյացել է ցածր ճնշման ծավալուն շրջան, որը տաք օդի հետ միասին մթնոլորտ է բարձրացնում այրվող բուսականության ծխի քուլաները՝ 10-50 կիլոմետր բարձրությամբ, եւ դրանք ցրում բավական հեռու տարածության վրա։
Ավստրալական հրդեհների տարածքը հասնում է մոտ 2000 կիլոմետրի, դրանք արդեն մոտեցել են Նոր Զելանդիայի տարածքին։
Մթնոլորտի բարձր շերտերում սառչելով՝ ծուխը վերածվում է հզոր անձրեւաբեր ամպերի՝ ամպրոպի պոտենցիալով։ Դրանցում առաջ եկող էլեկտրական լիցքերը հանգեցնում են կայծակների առաջացման, իսկ դրանք իրենց հերթին կարող են նորանոր տարածքների այրման պատճառ դառնալ։
Բացի այդ, օդի բարձրացող հոսքերը կարող են մեծ տարածության վրա ցրել բուսականության առկայծող տարրեր, իսկ քամու ուժգնացող պոռթկումները ուժգնացնում են կրակը՝ այն հագեցնելով թթվածնով ու մեծացնելով հրդեհների տարածքը։
«Այսօր ցերեկը Հիփսլենդի արեւելյան մասում, ավելի քան 16 կիլոմետր բարձրության վրա, գոյացել են ամպրոպաբեր ամպեր։ Կրակով պայմանավորված այդ ամպրոպները կարող են մեծացնել հրդեհների տարածքը կայծակների հաշվին»,- ասվում է օդերեւութաբանների պաշտոնական հաղորդագրությունում։
Երբեմն ամպրոպները հասնում են այնպիսի մասշտաբների, որ գոյանում է իսկական կրակե պտտահողմ, ինչպես դա տեղի ունեցավ 2003-ին մայրաքաղաք Կանբերայից ոչ հեռու։
Գիտնականները չեն կասկածում, որ աննախադեպ հրդեհներն Ավստրալիայում, ինչպես եւ Ամազոնիայում անցած եւ Կալիֆոռնիայում՝ նախանցած տարի, գլոբալ տաքացման հետեւանքներից են։ Վիճակագրությունը հաստատում է, որ ամպրոպների թիվը աճում է ողջ աշխարհում։
Վերջին տասնամյակը ամենաշոգն է դիտարկումների ողջ ընթացքում։ Ջերմաստիճանն ամենից արագ բարձրանում է Արկտիկայում, բայց ամենից ծանր տաքացումն զգում է Ավստրալիան։
Դեկտեմբերի 29-ը ամենաշոգ օրն էր երկրի պատմության մեջ։ Մայրցամաքի տարածքի մեծ մասում այդ օրը գրանցվել է Ցելսիուսի 39-45 աստիճան տաքություն։