Սոլեյմանիի սպանությունը սպառնում է Մերձավոր Արեւելքում լայնածավալ հակամարտությամբ. ամերիկացի փորձագետ
Международные новостиԻրաքում Միացյալ Նահանգների կողմից Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ Ղուդս» հատուկ նշանակության ուժերի հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը սպառնում է Մերձավոր Արեւելքում լայնածավալ հակամարտությամբ: Այսպիսի կարծիք է հայտնել Ջորջ Վաշինգտոնի համալսարանի միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Չառլզ Դանը:
«Անկախ այն հանգամանքից՝ ամերիկացի ժողովուրդը դա հասկանում է, թե ոչ, ԱՄՆ-ն Իրանին պատերազմ է հայտարարել»,- պնդում է նա: Դանի խոսքով՝ Սոլեյմանիի սպանությունը՝ «[երկու երկրների միջեւ] փոխադարձ միջնորդավորված հարձակումներով վաղուց եռացող իրավիճակը վերածել է ուղիղ ռազմական առճակատման, որում Իրանին գործնականում ոչինչ չի մնում, բացի ուժի գործադրմամբ պատասխանելը»: «Սա միանգամայն կարող է նշանակել հարված Մերձավոր Արեւելքում ամերիկյան զորքերի, մեծ հեռավորությամբ տեղակայված ամերիկյան դեսպանությունների եւ ռազմական օբյեկտների վրա, ինչպես նաեւ ամբողջ աշխարհում ԱՄՆ վիրտուալ ակտիվների վրա,- ընդգծել է Դանը: - Սա նաեւ կարող է հանգեցնել ԱՄՆ դաշնակիցների վրա հարձակումների, ինչպիսին են Սաուդյան Արաբիան եւ Իսրայելը, որը կհանգեցնի ավելի լայն տարածաշրջանային հակամարտության վտանգի», փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Դանը նշել է, որ իր կարծիքով՝ Սոլեյմանիի սպանությունը ոչ մի կերպ չի տեղավորվում քաղաքականության մեջ, որի դեպքում Վաշինգտոնը ձգտում էր «Թեհրանին ծնկի բերել կամ նրան բերել բանակցությունների սեղան»: «Միացյալ Նահանգները Թեհրանի դեմ իր երկարատեւ եւ ձգձգված պայքարի ընթացքում դեսուդեն է նետվել այս երկու նպատակների միջեւ, ու նշաններ չկան, որ հակասությունը հարթվել է»,- շեշտել է նա: Ընդ որում՝ Դանը հույս է հայտնել, որ «երկու կողմում սառը դատող մարդիկ կհաղթեն»: «Սակայն տպավորություն է ստեղծվում, որ խաղի ընթացքը սաստիկ փոխվել է»,- եզրափակել է նա: