ԱՄՆ գլխավորած կոալիցիան հաստատել է իրաքյան բազաների գնդակոծման փաստը
Международные новостиԻրաքյան բազաները շաբաթ օրը ենթարկվել են երկու հարձակման, որոնց արդյունքում ԱՄՆ գլխավորած միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի զինծառայողները չեն տուժել։ Այս մասին ասվում է «Անսասան վճռականություն» գործողության, որն Իրաքում եւ Սիրիայում իրականացնում է ԱՄՆ գլխավորած երկրների խումբը, շտաբի հայտարարությունում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Ռազմական կոալիցիան հաստատում է երկու գրոհների փաստը իրաքյան բազաների մոտ, որոնցում տեղակայված են կոալիցիոն ուժեր»,- ասվում է փաստաթղթում։ Կոալիցիայի տվյալներով՝ «չթիրախավորված գնդակոծվել է» Բաղդադի լավ ամրացված «կանաչ գոտին»՝ կոալիցիայի օբյեկտների սահմաններից դուրս, ինչը «կարող էր վնաս հասցնել խաղաղ իրաքցիներին»։ «Հրթիռներն ընկել են Բալադ ավիաբազայի մերձակայքում։ Կոալիցիոն զորքերը հունվարի 4-ին չեն տուժել։ Իրաքյան անվտանգության ուժերը ներկայում հետաքննում են միջադեպերը»,- ասվում է հայտարարությունում։
Շաբաթ օրը տեղեկություն է ստացվել Բաղդադի եւ Իրաքի ՌՕՈւ բազայի գնդակոծման մասին, որտեղ ամերիկացիներ կան։ Երկու հրթիռ ընկել է Իրաքի մայրաքաղաքի «կանաչ գոտում», որտեղ տեղակայված են օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունները եւ կառավարական հաստատությունները։ Պայթյուններից մեկը որոտացել է ԱՄՆ դեսպանատնից ոչ հեռու։ Տուժածների եւ ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել։ Գնդակոծությունից հետո դեսպանատան բոլոր մուտքերը փակվել են։
Բացի այդ, առնվազն չորս հրթիռ ընկել է Բալադ ավիաբազայի տարածքում (Բաղդադից հյուսիս, Սալահ էդ Դին նահանգ), որտեղ տեղակայված են ամերիկյան զորքերը։ Իրաքի բանակի ներկայացուցիչների տեղեկություններով՝ վիրավորվել է տեղի երեք զինծառայող։
Տեղեկացվել է նաեւ մայրաքաղաքի Էլ Ջադիրիա թաղամասի ականանետային գնդակոծության մասին, ինչի հետեւանքով տուժել է հինգ մարդ։