«Ավելի լավ է՝ շենքի բակում պալատկա խփեմ, քնեմ»․ Վանաձորի Ուսանողական 14 հասցեի հանրակացարանի բնակիչներն ահազանգում են
TVՎանաձորի Ուսանողական 14 հասցեի հանրակացարանում հունվարի 10-ին բռնկված հրդեհի մարման ժամանակ փրկարարների կողմից օգտագործված ջուրը բավական մեծ վնաս է հասցրել հանրակացարանին։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը։
«Բնակիչները լուրջ դժգոհություն ունեն, քանի որ այդ հետևանքները չեն վերացվել և թողնվել են բախտի քմահաճույքին»,-ասաց նա։
Բնակիչներից մեկը, մանավորապես, նշեց․ «Հրդեհն ուղղակի իմպուլս եղավ, որ հասկանանք՝ էլ այստեղ հնարավոր չէ բնակվել, որովհետև ընտանիքները մեծանում են, երեխաները մեծանում են, շնչելու օդը մեկ ընտանիքի կտրվածքով չի բավականացնում։ Իմ օրինակով ասեմ՝ տղաս ծառայում է, 4 հոգով ապրում ենք 23 քառակուսի տարածքում, 4 հոգու համար 4 մահճակալ պետք է տեղադրվի, բայց դրա հնարավորությունը չկա»։
Հանրակացարանի մեկ այլ բնակիչ էլ հայտնեց՝ տուժել է հրդեհից, այլ սենյակ է տեղափոխվել․ «Հանրակացարանում ազատ սենյակներ են եղել, տեղավորել են ինձ, բայց սառը սենյակներ են, այնտեղ լույս է պետք վառել, ոչ աշխատանք ունենք, ոչ նպաստ, ոչ թոշակ, ինչպես պետք է վճարենք լույսի համար։ Իմ նախորդ սենյակում մուր ա, կմաքրեմ, կբնակվեմ, լույսը թող քաշեն»։
Բնակիչները հայտնեցին՝ Վանաձորի քաղաքապետարանի աշխատակիցը եկել է, գրանցել է իրենց խնդիրը, բայց չգիտեն՝ ինչ լուծում կտրվի, այրված գույքի մասով էլ հայտնի չէ՝ փոխհատուցում կտրվի, թե ոչ։
Բնակիչներից մեկն էլ դժգոհեց, որ լուրջ մտահոգություն ունի շենքի սեյսմիկ անվտանգության հետ կապված․ «Ես ավելի լավ է՝ այստեղ շենքի բակում պալատկա խփեմ, քնեմ, երեխեքիս համար հանգիստ լինեմ, քան շենքում։ Ես հասկանում եմ, որ այսքան ընտանիքին բնակարան չեն կարող հատկացնել, բայց թող մի ծրագիր անեն, որ մենք վճարենք, բնակարանը դառնա մերը»։