Կառավարության բակում այսօր՝ հունվարի 16-ին, հավաքվել են անասնապահները, որոնք նշում են, որ Կառավարությունն իրենց ստիպում է մորթն անել սպանդանոցում, սակայն պայմաններ չի ապահովում։
«Սպանդանոցներում լիքը կռիս ու կատու է ֆռֆռում։ Կառավարության ո՞ր անդամն է մոտեցել գյուղացուն, հարցրել՝ էդ անասունն ո՞վ է պահում, կվարտիրի ապրո՞ղը։ Թող հարցում անեն՝ ժողովրդին ձեռք տալի՞ս է, թե՞ ոչ։ Տվել են 3 օր ժամանակ, բայց եթե պայման չեք ստեղծել, մեզնից ինչո՞ւ եք պայման պահանջում, մեզնից ինչո՞ւ եք 5-րդ ձեւ պահանջում»,- ասաց անասնապահներից մեկը։
Ակցիա իրականացնողներից մեկն ասաց, որ Վայոց Ձորում կա մեկ սպանդանոց, այնտեղ էլ ասում են՝ անասունները փոքր են եւ չեն մորթում.
«Խնդիր ունեմ, ունեմ անասուն, որը պիտի վերավաճառեմ, ո՞վ է տանում իմ անասունը։ Անասունին կապում են 6 ամիս կամ 1 տարի, մի ամիս կերակրում ենք, հետո 10 հոգով չենք կարողանում էդ անասունին բռնենք, տեղում մորթենք, դրան ո՞վ է գժվել հասցնի սպանդանոց։ Էդ սիրուն օրենքը գրող տղուն ասում եմ՝ արի ստեղ, տանեմ՝ մի հատիկ անասուն ցույց տամ եւ ձեր սաղ անձնակազմով, եթե կարողանաք էդ ցուլիկին բռնեք տանեք սպանդանոց, ապա թող վաղն այդ օրենքը գործի»։
Անասնապահներից մեկն ասաց՝ սպանդանոցներում ամեն մի անասունին մորթելու համար գումար են պահանջում, որն իրենք ամեն անգամ վճարել չեն կարող.
«Իրենք հաշվե՞լ են, թե սա գյուղացու վրա ինչքա՞ն է նստում։ Սպանդանոցը 20 հազար դրամ է պահանջում մի ցուլիկին մորթելու համար, մի խոզը՝ 8 հազար դրամ»։
Նրանց խոսքով՝ անասունների տեղափոխումը ևս հավելյալ ծախս է ենթադրում։