Եռյակում լսել են, որ կա այնպիսի մի բան, որ կոչվում է սկզբունքայնություն և պետք է լինել սկզբունքային: Լսածն, անշուտ, փորձում են իրականացնել և դա արտահայտվում է ամեն ինչին հակառակվելու՝ ընդդիմամոլական մոլուցքով: Գիտեն, որ եթե սկզբունքային են, պետք է հակառակվեն, և կարևոր էլ չի, թե ինչին: Օրինակ, 12 պահանջներն առաջադրել էին, իշխանությունները որպես պատասխան ասել էին, թե դրանցից մի քանիսը կան նաև Կառավարության ծրագրում և լուծվում են, սակայն դա անընդունելի էր, քանի որ իշխանության ասածն էր: Իսկ իշխանությունն ամեն դեպքում սխալ է, բացի այդ՝ ՀՀԿ-ն իշխանական մենաշնորհ է ստեղծել, անհանդուրժող է և ոչ ոքի հետ չի համագործակցում. Այս համոզմունքով եռյակը շարունակում է «սկզբունքայնորեն» շարժվել առաջ:
Բայց ահա ՀՀԿ-ն հիասթափեցնում է իրենց, և Սերժ Սարգսյանը Կառավարությանը հորդորում է վերանայել 12 կետերը, ինչի մասին արդեն խոսել ենք: Սա փաստացի քայլ է դեպի փոխզիջում, կոմպրոմիս, դեպի երկխոսություն,: Քայլը ենթադրում է, որ նույնիսկ 12 կետերից որոշները կարող են բավարարվել, ինչի արդյունքում եռյակը կկորցնի իշխանություններին մեղադրելու մի քանի առիթներ: Բայց այս դեպքում կվնասվի իրենց սկզբունքայնությունը՝ բա որ 12 կետերի հարցը լուծվի, այլևս ինչի՞ դեմ պետք է բողոքեն: Չէ՞ որ մնացած բոլոր խնդիրներում, որ առկա են երկրում, եռյակի ներկայացուցիչ նախկին իշխանավորները հավասարապես ունեն նաև իրենց մեղքի մասնաբաժինը:
Բողոքելու առիթները ոչ մի դեպքում չի կարելի կորցնել, քանզի այդ բողոքելու առիթներն են, որ թվացյալ հիմնավորում են իշխանափոխության պահանջները: Եթե քիչ են բողոքելու առիթները, ապա ինչպե՞ս կարող են պահանջել իշխանափոխություն: Իսկ եթե չպահանջեն իշխանափոխություն և չգան իշխանության՝ բազմելով իրենց նախկին աթոռներին, ապա ինչի՞ համար է ընդհանրապես այս պայքարը: Ժողովրդի համա՞ր: Նախ, 10-15 հազար մարդը ժողովուրդ չէ, այլ ժողովրդի մի շատ փոքր մասնիկը միայն, բացի այդ՝ այդ նույն մարդիկ ժամանակին ունեցել են հնարավորություն ապացուցելու իրենց նվիրվածությունն իրենց «սիրելի» ժողովրդին, իսկ դրա փոխարեն միայն ապացուցել են թալանելու հարցում իրենց արհեստավարժ լինելը:
Այսպիսով, եռյակը մերժեց 12 կետերի շուրջ բանակցություններ վարելու առաջարկը, և մերժելու հարցում ակնհայտ է, որ շատ մեծ էր ՀԱԿ-ի նախաձեռնությունը: Փաստորեն, նախկին իշխանավորների համար առաջնայինը ոչ թե առկա խնդիրների լուծումն է և բնակչության համար դրական փոփոխությունները, այլ իշխանափոխությունը, այսինքն՝ կորցրած աթոռները հետ ստանալու բաղձալի երազանքը: Թալանածը, բնականաբար, չի կարող հերիքել մինչև կյանքի վերջ, մի օր այն վերջանում է և կրկին առաջ է գալիս սեփական բյուջեն համալրելու պահանջը:
Ի դեպ, ինչպես ամերիկացիները կասեն՝ Nothing personal, only business, այսինքն՝ վարչապետի առաջարկը մերժելը ընդամենը բիզնես-պլանի մի մասն էր, դա որևէ կապ չունի համակրանքների ու հակակրանքների հետ, և այդ մերժումը եռյակայիններին բնավ չի խանգարել, որ Գագիկ Ծառուկյանի մոր ծննդյան արարողության ժամանակ ուտեն, խմեն, պարեն, ուրախանան նույն Հովիկ Աբրահամյանի հետ, մանավանդ որ Հովիկ Աբրահամյանի մոտ էլ պարելը շատ լավ է ստացվում:
Կարեն Վարդանյան