Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկը վերադարձել է Չինաստանի մեծ շրջագայությունից
Культура«Հյուրախաղերի այս տասնհինգ օրերի ընթացքում դուք մեծ ներդրում կատարեցիք հայ-չինական մշակութային հարաբերությունների զարգացման գործում»: Այսպիսի խոսքերով դիմեց Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբին (ՀԱՖՆ) Չինաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան պարոն Սերգեյ Մանասարյանը՝ հյուրախաղերի վերջին օրը դեսպանատան կողմից կազմակերպված ընդունելության ժամանակ:
Այս տարի, ՀԱՖՆ-ը 2020թ.-ը դիմավորեց Չինաստանում, որն այսօր դասական կատարողական արվեստի կարեւորագույն կենտրոններից է: ՀԱՖՆ-ը երբեւէ Չինաստան այցելած ամենամեծ հայկական պատվիրակությունն է: Մեր Ազգային ֆիլհարմոնիկը, գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ, Չինաստանի ինը կարեւորագույն քաղաքներում հանդես եկավ տաս համերգով: Նրանց օվացիաներով դիմավորեցին Շանհայի Մեծ թատրոնից մինչեւ Պեկինի արվեստների ազգային կենտրոն: Էդուարդ Թոփչյանը նշում է. «Հյուրախաղերը շատ մեծ քայլ էին նվագախումբը հսկայական չինական մշակութային դաշտում ներկայացնելու գործում, այն էլ այսպիսի ծավալուն համերգային ծրագրով: Հիմնականում հանդես եկանք սիմֆոնիկ ստեղծագործություններով, ինչը մեծ պատասխանատվություն էր նվագախմբի համար, բայց եւ հնարավորություն՝ ցույց տալու նվագախմբի երաժիշտների բարձր որակն ու պատրաստվածությունը: Տաս համերգներից միայն չորսում մեզ միացավ չինացի կլարնետահար Թոնի Շենը, որի հետ կատարցինք Մոցարտի Կլարնետի կոնցերտը»:
Համերգային ծրագրի զարդը մեծանուն հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ‹‹Դիմակահանդես›› եւ «Սպարտակ»-սյուիտներն էին, հնչեցին նաեւ Չայկովսկու «Շչելկունչիկ», Պրոկոֆեւի «Ռոմեո եւ Ջուլիետ» բալետներից հատվածներ, Ռիմսկի-Կորսակովի «Շեհերազադե» աիմֆոնիկ սյուիտը, Չայկովսկու թիվ 5 սիմֆոնիան:
ՀԱՖՆ-ի հյուրախաղերին բուռն կերպով արձագանքեց նաեւ չինական մամուլը, մասնավորապես Chinadaly, Chinanews, China.org.cn, Sohu.com, Xinhuanet պարբերականները: Պեկինում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ ՀԱՖՆ-ի հյուրախաղերի կազմակերպիչներից Ռեյ Արմսթրոնգը խոստովանեց. «Հայաստանն ունի հիանալի դասական կոմպոզիտորներ, որոնց երաժշտությունը ողողված է ազգային կոլորիտով: Իսկ այս նվագախումբը (ՀԱՖՆ-ը) այսօր Արեւելյան Եվրոպայի լավագույն նվագախմբերից: Ես մեծ ոգեւորությամբ կնպաստեմ հայկական նոր նախագծերի ներկայացմանը Չինաստանում, ինչպես նաեւ չինական մշակույթի ներկայացմանը Հայաստանում»:
Հյուրախաղերը լի էին նաեւ հուզիչ դրվագներով, որոնցից մեկը Սյամին քաղաքում կազմակերպված ֆլեշմոբն էր: ՀԱՖՆ-ի լարային խմբի եւ ֆլեյտաների խմբի երաժիշտները քաղաքի կենտրոնում կատարեցին Խաչատրյանի ‹‹Դիմակահանդեսից›› մի հատված: Ֆլեշմոբին մեծ ոգեւորությամբ արձագանքեցին անցորդները, ովքեր արագ շրջապատեցին երաժիշտներին եւ սկսեցին տեսագրել կատարումը:
Համերգային այս խիտ ժամանակացույցի հետ մեկտեղ դիրիժոր Էդուարդ Թոփչյանը եւ նվագախմբի կոնցերտմայստեր, ջութակահարուհի Կարմեն Թոսունյանը ժամանակ հատկացրեցին նաեւ երիտասարդ երաժիշտներին՝ հանդես գալով վարպետության դասերով:
Հյուրախաղերի եզրափակիչ համերգը կայացավ հունվարի 9-ին՝ Չինաստանի սրտում՝ մայրաքաղաք Պեկինի արվեստների ազգային կենտրոնում: ՀԱՖՆ-ի այս համերգին կհաջորդի 2020թ.-ին Չինաստանում Հայաստանի մշակութային օրերի միջոցառումների շարքը:
ՀԱՖՆ-ի Չինաստանի հյուրախաղերը կայացան Armstrong International Music (Չինաստան) եւ Wright Music Management (Անգլիա) գործակալությունների միջնորդությամբ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, ՀՀ-ում Չինաստանի եւ Չինաստանում ՀՀ դեսպանությունների եւ ՀՀ արտաքին գործերի նախարարության մասնակցությամբ: