Այս երկիրը զբոսաշրջիկներին առաջին հերթին գրավում է իր բնությամբ, ոգով և աուրայով
Международные новостиpravda.ru-ն «Ինչպես կռվող Ղարաբաղը վերածվեց զբոսաշրջային Մեքքայի» վերնագրով հոդվածում գրում է, որ չճանաչված հանրապետության Ռուսաստանի ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանը pravda.ru-ին պատմել է Ղարաբաղի զբոսաշրջության մասին:
Ըստ նրա, ներկայումս Ղարաբաղում զբոսաշրջությունը արագ տեմպերով է զարգանում: Այդ երկիրը զբոսաշրջիկներին առաջին հերթին գրավում է իր բնությամբ, ոգով և աուրայով: Ի սկզբանե այնտեղ եղել է էթնիկ զբոսաշրջություն, քանի որ այդ հնագույն երկրում հսկայական քանակությամբ պատմական, քրիստոնեական հուշարձաններ կան, և այդ ամենը գրավել է առաջին հերթին տարբեր երկրների հայերին:
Հետագայում Ղարաբաղ այցելածները իրենց տպավորությունների մասին պատմել են իրենց ծանոթներին, և արդյունքում այդ ամենն ընդլայնվել է: Բացի դա, Ղարաբաղը ակտիվորեն մասնակցել է տարբեր միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսների, համաժողովների և այլն, որը ևս նպաստել է զբոսաշրջության զարգացմանը: Արդյունքում զբոսաշրջությունը բուռն վերելք է ապրել:
Այդ ամենից զատ, ներկայումս բարելավված են զբոսաշրջային ենթակառուցվածքները: Հյուսիսում ստեղծվել է Ղարաբաղ տանող երկրորդ մայրուղին, որը կարճել է ճանապարհը և շատ գեղատեսիլ վայրերով է անցնում:
Տուրօպերատորները սկսել են ակտիվորեն աշխատել, կան հատուկ տուրեր՝ մի քանի օր Հայաստանում, ապա այց Ղարաբաղ:
Պետք է նշել, որ զբոսաշրջիկների համար Ղարաբաղը լրիվ անվտանգ է: Իհարկե, լինում են նաև էքստրիմի սիրահարներ, որոնց թվում է, թե կտեսնեն հակամարտող տարածք, բայց նրանք սխալվում են, դա չկա:
Ղարաբաղում զբոսաշրջիկներին հետաքրքրում են առաջին հերթին պատմական հուշարձանները, տեղացիների կենցաղը, բնությունը և հրաշալի ուտելիքը: Իհարկե, որոշիչ դեր են խաղում նաև գները՝ էժան, բայց հարմարավետ հյուրանոցները և սննդի կետերը:
Կամո Խաչիկյան