Կորոնավիրուսի ազդեցությունը տնտեսության վրա G20-ի հանդիպման հիմնական թեման կլինի
Международные новости2019-nCoV վիրուսով պայմանավորված թոքաբորբի բռնկման ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա կլինի G20-ի երկրների ֆինանսների նախարարների եւ կենտրոնական բանկի կառավարիչների հանդիպման հիմնական թեման: Հանդիպումը տեղի կունենա Սաուդյան Արաբիայում փետրվարի 22-ին եւ 23-ին, հայտնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով Kyodo-ն:
Հաղորդվում է նաեւ, որ հանդիպման մասնակիցները կքննարկեն հնարավոր հակամիջոցները` կապված ստեղծված իրավիճակի հետ, որը, մասնավորապես, հանգեցրել է ապրանքների մատակարարման շղթայի խաթարմանը եւ զբոսաշրջիկների հոսքի նվազմանը:
2019-nCoV վիրուսով պայմանավորված թոքաբորբի բռնկումը գրանցվել էր Չինաստանի խոշոր Ուհան քաղաքում 2019-ի դեկտեմբերի վերջին: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն միջազգային մասշտաբի արտակարգ իրավիճակ էր անվանել` որակելով որպես բազմաթիվ օջախներով համաճարակ: Չինաստանի սահմաններից դուրս վարակի դեպքեր են գրանցվել 24 երկրում, այդ թվում նաեւ` Ռուսաստանում: Չինական իշխանություններն արդեն հաստատել են նոր կորոնավիրուսով վարակի ավելի քան 42.6 հազար դեպք, ավելի քան հազար վարակված մարդ մահացել է, առողջացել է գրեթե 4 հազար մարդ: