«Հայաստան» համահայկական հիմնադրամն ունի ավելի քան 11 միլիոն դոլարի հանգանակության խոստում
ЭкономикаՀեռուստամարաթոնից երեք ամիս անց նվիրատվությունների հոսքը շարունակվում է, որի արդյունքում «Հայաստան» համահայկական հիմնադրամն արդեն իսկ ունի 11,155,985 ԱՄՆ դոլարի խոստում։
Այս մասին հայտնեցին «Հայաստան» համահայկական հիմնադրամից:
«2019-ի դեկտեմբերի սկզբի համեմատությամբ նվիրատվությունները աճել են 920,138 դոլարով։ Խոստումների մեծ մասն արդեն իսկ փոխանցվել է Հիմնադրամի և ցանցի տեղական մարմինների հաշվեհամարներին։
Այս տարի աննախադեպ թվով մարդ է մասնակցել համահայկական դրամահավաքին՝ միայն Հայաստանից և Արցախից շուրջ 10,000 անհատ և կազմակերպություն։ Իսկ եթե հաշվի առնենք, թե ներգրավված կազմակերպությունները քանի մարդ են ներկայացնում, ապա մասնակցայնության թիվը շատ ավելին է։ Սփյուռքի մասնակցայնությունը մոտավոր գնահատականներով շուրջ 25,000 է։ Ըստ հիմնադրամի նոր ռազմավարության՝ ընդգծված կարևորություն է տրվում մասնակցայնությանը, ուստի այս տարվա գրանցած ցուցանիշը առանձնահատուկ ոգևորիչ է։ Շնորհակալ ենք Հիմնադրամի բոլոր նվիրատուներին։ Միասնական ջանքերով է, որ կերտում ենք ավելի ուժեղ Հայրենիք։
Միայն առցանց նվիրատվություններով՝ հիմնադրամի ցանցն արդեն ունի շուրջ 5,000 առցանց նվիրատու (որից 1550-ը Լոս Անջելեսի տեղական մարմնի կայքով), որոնք միասին մեկ տարվա կտրվածքով գեներացնում են շուրջ 560,000 ԱՄՆ դոլար։ Դրանցից 1938-ը միացել են #ՄեկԲաժակՍուրճ-ի գաղափարին, այն է՝ պարբերական վճարման համակարգին։
Հիշեցնենք, որ #ArmeniaFundChallenge-ին միացել էին մի շարք հանրային գործիչներ Հայաստանից և Սփյուռքից։ Նրանց շարքերում էին ՀՀ վարչապետը, ՀՀ ԱԺ նախագահը, ԱԺ փոխնագահները, Սերժ Թանկյանը, Ալեքսիս Օհանյանը, Էրիկ Էսրաելյանը, Վահե Բերբերյանը, Իվետա Մուկուչյանը, Խորեն Լևոնյանը և այլք։ Հեռուստամարաթոնի կարգախոսն էր՝ «Ես իմ անուշ Հայաստանի․ կենարար արև ու ջուր համայնքներին», ուստի հավաքագրված գումարները հիմնականում ուղղվելու են խմելու ջրի հասանելիությանը և արևայնին վահանակների տեղադրմանը Արցախում և Հայաստանի որոշ համայնքներում»,- ասված է հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ։
***
«Հայաստան» համահայկական հիմնադրամի առաքելությունը համահայկական ցանցային համակարգի ձևավորումն է, որի նպատակը Հայաստանի, Արցախի, ինչպես նաև աշխարհասփյուռ հայկական համայնքների համաչափ, կայուն և փոխկապակցված զարգացման ապահովումն է՝ հիմնվելով ընդհանուր ինքնության վրա։