5 տարում 1,5 մլրդ դոլար պետք է գոյանա հակակոռուպցիոն պայքարի, այդ թվում՝ գողացված միջոցների հետբերման միջոցով. Փաշինյան
ЭкономикаՀակակոռուպցիոն պայքարն ավելի արդյունավետ դարձնելու եւ շատ ավելի մեծ գումարներ պետական բյուջե վերադարձնելու թեմայով վերջին շրջանում քննարկումներ ունեցել ենք եւ շարունակում ենք ունենալ իրավապահ համակարգի ներկայացուցիչների հետ եւ դա լինելու է առաջիկա մեր ամենակարեւոր խնդիրներից մեկը: Այս մասին այսօր՝ փետվարի 20-ին, Կառավարության նիստի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես ուզում եմ հիշեցնել, որ 2018 թվականի նախընտրական գործընթացի ընթացքում ես արել եմ հետեւյալ քաղաքական հայտարարությունը, որ առաջիկա հինգ տարիների ընթացքում մենք պետք է 2,5 մլրդ դոլար հավելյալ միջոցներ ծախսենք մեր անվտանգության կարիքների վրա, մասնավորապես Զինված ուժերի մարտունակության եւ սպառազինության մակարդակը բարձրացնելու համար եւ այդ 2,5 մլրդ դոլարից 1,5-ը պետք է գոյանա հակակոռուպցիոն արդյունավետ պայքարի միջոցով, այդ թվում գողացված միջոցների հետբերման գործընթացի միջոցով»,-ասաց Փաշինյանը:
Նա հարց ուղղեց, թե արդյո՞ք այս պահի դրությամբ իրեն գոհացնում եւ բավարարում են այն ծավալները, մասշտաբները, որոնք առկա են. «Այո՛, աննախադեպ հաջողություններ ունենք: Մասնավորապես, այս տարի Հատուկ քննչական ծառայությունը վերականգնել է 7 անգամ ավելի շատ գումար, քան Հատուկ քննչական ծառայության գոյության ողջ ընթացքում, իսկ այն գոյություն ունի արդեն 11 տարի: Սա ցուցանիշ է, որը չի կարելի չընդունել, չգնահատել, բայց մյուս կողմից մեր սահմանած նշաձողերն շատ ավելի բարձր են, եւ մենք մեր հակակոռուպցիոն համակարգերի բարելավման, օրենսդրության կատարելագործման միջոցով պետք է այս միջոցը դարձնենք ավելի արդյունավետ, որովհետեւ մենք բոլորս գիտենք, որ դրա պոտենցիալը կա»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: