«Իմ ընտանիքն էլ զգաց այս երջանկությունը». Սեփական տուն՝ երկրաշարժից 32 տարի անց
ЭкономикаՎիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» ղեկավարներն ու թիմերը շարունակում են շրջայցերը: Այս անգամ գործընկերներն ուղևորվել են Գյումրի և այցելել բնակարանաշինության ծրագրով 2019-ին աջակցություն ստացած, վագոն տնակից ազատված ու կիսակառույցն ավարտին հասցրած ընտանիքներից մեկին: Թիմերն այստեղ են եղեն նաև աշնանը՝ կամավորության հիմունքով կիսակառույցի շինարարությանը մասնակցելու համար: Վեց ամիս անց, բոլորը դարձյալ միասին են. այս անգամ՝ բնակարանամուտ նշելու համար:
Գյումրիում բնակվող Թադևոսյանների ընտանիքը 1988-ի երկրաշարժից հետո, տարիներ շարունակ՝ ստիպված է եղել ապրել վագոն-տնակում։ 32 տարի անց՝ ծանր ու դժվարին հիշողությունները մնացել են անցյալում։
«Այսքան տարիներ անց, վերջապես իմ ընտանիքն էլ զգաց այս երջանկությունը։ Սեփական տուն ունենալը մեծ և սպասված իրադարձություն է մեր կյանքում։ Երկրաշարժից հետո, ստիպված էինք բնակվել վագոն-տնակում։ Իսկ այժմ սեփական տուն ունենք՝ բոլոր հարմարություններով։ Իմ և երեխաներիս ուրախությանը սահման չկա։ Անչափ շնորհակալ ենք», - ասել է Քրիստինան։
Բնակարանաշինության ծրագրով, 2019թ.-ին, Շիրակի մարզում կառուցվել, վերանորոգվել կամ գնվել է 5 տուն, իսկ համագործակցության տարիների ընթացքում՝ 12 տուն։ Վիվա-ՄՏՍ-ը և «Ֆուլեր տնաշինական կենտրոնը» կարևոր են համարում ծրագրի դրական ազդեցության բոլոր դրսևորումները: Գործընկեր կառույցների ղեկավարներն արձանագրել են, որ բարեկեցիկ պայմաններով ապահովված ընտանիքները ձգտում են կիսախարխուլ վագոն-տնակներից ազատվել ոչ միայն հիշողությամբ, այլև ֆիզիկապես՝ դրանք ապամոնտաժելով:
«Երբ վագոն-տնակում տարիների կյանքն անցկացրած ընտանիքը ոտքի է կանգնում և ոգևորված ու եռանդով նոր էջ է բացում իր համար, ուրեմն՝ երազելու ուժ ունի, և դա լավ է: Իսկ երբ այդ ընտանիքը ձգտում է տեսադաշտից հեռացնել նաև երկաթյա կացարանը, ապա կարող ենք ասել, որ հաջողել ենք բոլորս: Ուրախ եմ արձանագրել, որ հատկապես վերջին շրջանում, կա այդպիսի արդյունք: Գյումրին տնակների քաղաք չպետք է մնա ո՛չ հիշողության մեջ, ո՛չ էլ ճարտարապետական տեսքի առումով»,-ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Վագոն-տնակներում բնակվող ընտանիքները գտնվում են մեր ուշադրության կենտրոնում։ Երկրաշարժից ի վեր այս ընտանիքը բնակություն է հաստատել տնակում։ Երեք երեխաների մանկությունն անցնում էր մետաղական պատերի ներսում։ Մենք, Վիվա-ՄՏՍ-ի հետ, աջակցության ձեռք մեկնեցինք Թադևոսյաններին։ Այժմ, երբ նրանք ավարտել են տան շինարարությունը, համոզված եմ, որ նոր տունն ուրախություն և լավ հիշողություններ կպարգևի նրանց», - ասել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը: