Նոր կորոնավիրուսի տարածման հետեւանքով համաշխարհային ՀՆԱ-ի կորուսները կարող են հասնել 1,1 տրլն դոլարի
Международные новостиOxford Economics վերլուծական կենտրոնի գնահատականով՝ նոր կորոնավիրուսի տարածման հետեւանքով համաշխարհային ՀՆԱ-ի կորուսները 2020թ․ կարող են հասնել 1,1 տրլն դոլարի, հայտնում է РБК-ը։
Նման վնասը կնշանակի համաշխարհային ՀՆԱ-ի 1,3 տոկոս նվազում (համեմատած վերլուծական կենտրոնի նախորդ՝ 2020թ․ համար արված կանխատեսման հետ)։ Oxford Economics-ի հաշվետվության մեջ ասվում է, որ կանխատեսումը կիրականացվի այն դեպքում, եթե պնեւմոնիայի բռնկումը, որն առաջացնում է նոր տեսակի կորոնավիրուսը, դառնա գլոբալ համաճարակ։
«Մեր սցենարները ենթադրում են համաշխարհային ՀՆԱ-ի անկում՝ պահանջարկի նվազման հետեւանքով, ինչպես նաեւ կորուստներ զբոսաշրջության եւ ճանապարհորդությունների ոլորտում՝ տուժած ֆինանսական շուկաների եւ ներդրումների կրճատման որոշ արդյունքով»,- ասվում է հաշվետվության մեջ։
Oxford Economics-ի տվյալներով՝ Չինաստանի ՀՆԱ-ի աճը, վիրուսի տարածման հետ կապված, 2020թ․ կդանդաղի՝ 6-ից հասնելով 5,4 տոկոսի։
Նախօրեին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախազգուշացրել էր, որ կորոնավիրուսի տարածումը համաճարակի պոտենցիալ ունի։ ԱՀԿ-ն շատ անհանգստացած է վարակման դեպքերի թվով, հայտնել է կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը, սակայն առայժմ աշխարհում վիրուսի անկառավարելի տարածում չի գրանցվել։